Սեֆիլյանը՝ Մանուկյանին. «Խնդրում եմ դադարեցնես հացադուլը»

Սեֆիլյանը՝ Մանուկյանին. «Խնդրում եմ դադարեցնես հացադուլը»

PanARMENIAN.Net - «Նոր Հայաստան» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ է ուղարկել «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավոր Պավել Մանուկյանին: Նամակը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը:

Նամակում, մասնավորապես ասված է.

«Սիրելի Պավլիկ,

Բարեբախտաբար հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից: Հուլիսի 17-ից սկսած դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայը երբեք ստրուկ չի եղել և չի լինելու: Վստահ եղիր, որ այս զոհողությունը իմաստավորվելու է, և մեր սիրելի ժողովուրդն ուշ թէ շուտ ապստամբելու է:

Հուլիսի 27-ին (այդ օրը Լիզպոնի տղաների նահատակության 33-րդ տարին լրացավ) վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ և հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում: Առաջինը՝ ուրախությունն էր, որ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, և երկրորդը՝ տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնուն, ա՛յո, քեզ լավ ճանաչելով գիտեմ՝ վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը և այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց:

Սիրելի՛ Պավլիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք որոշել, եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի և քո ընտանիքի համար: Ուստի եղբայրաբար խնդրում եմ դադարեցնես հացադուլը, և օգնելով բժիշկներին՝ օր առաջ ոտքի կանգնես»:

Հուլիսի 17-ին Երեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից «Դատապարտյալների հիվանդանոց»-ում են գտնվում Պավել և Արամ Մանուկյանները, որոնք վիրավորվել էին, ըստ պաշտոնական վարկածի, ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---