Երևանի նորակազմավորված «Ուրարտու» բասկետբոլային ակումբը, որի կորիզը կազմելու են Հայաստանի հավաքականի խաղացողները, 2016-ի հոկտեմբերից կմասնակցի Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը:
Ըստ նախնական տեղեկությունների` Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի 2016/17թթ. խաղարկությանը մասնակցելու են 13 ակումբ: Բացի «Ուրարտուից»` մնացած ակումբները լինելու են ռուսական: Առաջիկայում կհրապարակվի առաջնության խաղացանկը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:
Առաջնությունը մեկնարկելու է 2016-ի հոկտեմբերին և ավարտվելու է 2017-ի գարնանը:
Սեփական հարկի տակ հանդիպումները հայկական ակումբը կանցկացնի Երևանի «Միկա» մարզահամալիրում: Այդ կառույցում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքներ:
2016-ի հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: