18 ապրիլի 2007 - 14:32 AMT
Ադրբեջանական կողմի ցանկացած սադրանք կասեցվում է ՀՀ զինված ուժերի կողմից
Հայաստանի զինված ուժերը գտնվում են մշտական մարտունակ վիճակում եւ թույլ չեն տա որեւէ սադրանք Ադրբեջանի կողմից Հայաստանում խորհրդարանական ընտրությունների շրջանում: Այդ մասին նախօրեին հայտարարել է լրագրողներին Հայաստանի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետ, երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-մայոր Միքայել Հարությունյանը` հավելելով, որ ադրբեջանական կողմից ամեն ինչ սպասելի է, այդ թվում նաեւ սադրիչ գործողություններ: Նրա խոսքերով, վերջերս հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հաճախակի են դարձել զինադադարի խախտման դեպքերը, սակայն այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Մեկնաբանելով ադրբեջանական ինքնաթիռների կողմից շփման գծի խախտման մասին տեղեկությունները` գեներալը հայտարարել է, որ ինքնաթիռները թռել են շփման գծից 30 կմ հեռավորության վրա: «Եթե նրանք խախտեն սահմանը, մենք ոչ միայն խփելու ենք, այլ ոչնչացնելու ենք դրանք»,-հայտարարել է Հարությունյանը: Պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյոք շփման գծին մոտ թռչող ինքնաթիռները լրտեսություն անել, գեներալը նշել է, որ սկզբունքորեն, դա հնարավոր է` հավելելով, որ հարցը նրանում է, որ «նրանք թռչում են Ադրբեջանի տարածքում եւ դա նրանց իրավունքն է»:

Մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ «երեխաներն առավոտյան արկերի բեկորներ են գտնում դպրոցի բակում», գեներալը հավաստիացրել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ քարոզչական նպատակներ է հետապնդում: Գեներալի խոսքերով, հիմնականում կրակում են հրաձգային զենքից: «Մի քանի անգամ ադրբեջանական կողմից կրակել են նռնականետից, բարեբախտաբար, երկու անգամ դրանք տեղ չեն հասել: Սակայն հրետանին եւ ավիացիան ռեակտիվ արկերի կիրառմամբ վերջին անգամ գործել է 90-ականներին»,-նշել է գեներալը` ընդգծելով, որ հակառակ կողմի ցանկացած սադրանք կասեցվում է, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: