18 ապրիլի 2007 - 14:40 AMT
Վարդան Օսկանյան. Խորհրդարանական ընտրությունները լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար
Ավստրիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին: Իր ելույթում նախարար Օսկանյանը խոսեց ԵԱՀԿ բարեփոխումների, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա փուլի մասին: ՀՀ ԱԳ նախարարն այցելեց Ավստրիայի խորհրդարան, ուր տեղի ունեցավ հանդիպում խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կասպար Այնեմի հետ:

Կողմերը զրուցեցին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին, կարեւորելով դրանց միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Նախարարը ընդգծեց, որ առաջիկա ընտրությունները լրջագույն մարտահրավեր են Հայաստանի համար` ազատ եւ արդար ընտրությունների միջոցով փաստելու ժողովրդավարության եւ իրավունքի գերիշխանության շուրջ մեր համախմբման նպատակամղվածությունը:

Անդրադառնալով երկկողմ համագործակցության հարցերին, կողմերը կարեւորեցին ընտրություններից հետո երկու երկրների խորհրդարանականների միջեւ համագործակցության հաստատումը: Այնեմի խնդրանքով նախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, հարեւանների հետ հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: