Փալոնեն եւ Նոլենբերգը կոչ են արել Ջորջ Բուշին օգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով օգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը, անցյալ տարի իր ելույթում Բուշը հայտարարել էր, որ 20-րդ դարի իրադարձությունները «ողբերգություն են ողջ մարդկության համար, որի մասին երբեք չի կարելի մոռանալ»: Սակայն նա կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» բառը:



Իր նամակում կոնգրեսականներ Փալոնեն եւ Նոլենբերգը կոչ են արել Ջորջ Բուշին ճանաչել հանցագործությունը, կատարված հայ ժողովրդի դեմ, եւ մասնավորապես, նշել են. «ԱՄՆ-ն չպետք է թույլ տա, որ մարդկության դեմ հանցագործությունները մոռացվեն կամ չդատապարտվեն»: Ուղերձում կարեւորվում է նաեւ ԱՄՆ պարտավորությունը ապագայում ցեղասպանության կրկնություն թույլ չտալու վերաբերյալ եւ նշվում է այն տուժած մարդկանց հիշատակը հարգելու եւ անցյալը երբեք չմոռանալու անհրաժեշտությունը :



ԱՀՀ-ն նշում է, որ ապրիլի 24-ին Կապիտոլիումի բլրին Փալոնեի եւ Նոլենբերգի, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանատան եւ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ կկազմակերպվի Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---