ԱՄՆ մոտ 40 բժիշկ երկու շաբաթ աշխատելու է Հրազդանում և Գավառում

ԱՄՆ մոտ 40 բժիշկ երկու շաբաթ   աշխատելու է   Հրազդանում և Գավառում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կանզաս նահանգի օդուժի ազգային գվարդիայի 184-րդ բժշկական անձնակազմի մոտ 40 բուժաշխատող կազմված խումբը (բժիշկներ, բուժքույրեր, բուժակներ և տեխնիկական անձնակազմ), որի հիմնական տեղակայման վայրն է Կանզաս նահանգի ՄքՔորնել օդային բազան, Հայաստան է ժամանել երկշաբաթյա մարդասիրական առաքելությամբ: Նրանց են միացել նաև երեք ռազմական բժիշկ Բրիտանական բանակի 6-րդ RIFLES գումարտակից:

Խումբն աշխատում է Հրազդանի ու Գավառի բժշկական կենտրոնների իրենց գործընկերների հետ՝ օգնելով ու վերջիններիս հետ կիսելով իրենց փորձը:

«Այս ծրագիրը ոչ միայն հմուտ մասնագիտական օգնություն է ապահովում հիվանդանոցներին որակյալ բուժօգնություն իրականացնելու համար, այլ նաև արժեքավոր ուսուցողական նշանակություն ունի ամերիկացի ու բրիտանացի բժիշկների համար: Ամերիկացի կամավորները կարողանում են փորձ ձեռք բերել այնպիսի հիվանդությունների ու իրավիճակների հետ կապված, որոնք գուցե տարածված չեն ԱՄՆ-ում, իսկ աշխատելով հայ բժիշկների ու բուժքույրերի հետ, նրանք վարժվում են բազմամշակութային պայմաններում աշխատելուն, ինչը շատ արժեքավոր հմտություն է մի այնպիսի զորամիավորման համար, որը պատրաստ է առաքելություն իրականացնել աշխարհի ցանկացած վայրում ցանկացած պահի», - ասել է դեսպան Միլսը:

Բացի օգնելուց ու խորհրդատվություն ապահովելուց ամերիկացի ու բրիտանացի մասնագետները նաև ուսուցումներ են անցկացնում հիվանդանոցի անձնակազմի համար հետևյալ թեմաներով. սրտանոթային վերակենդանացում, մասնագիտացված սիրտ-թոքային վերակենդանացում, տրավմաների, այրվածքների բուժում, ինֆեկցիաների վերահսկման ընթացակարգեր: Նրանք նաև այցելում են տեղական մանկատներ, որտեղ սննդակարգի հետ կապված խորհրդատվություն են ապահովում, ատամնաբուժական ծառայություններ են մատուցում և առողջ կենսակերպի վերաբերյալ դասեր են անցկացնում:

Այսօրինակ առաքելություն Հայաստանում իրականացվում է առաջին անգամ, և դա կազմակերպվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական ու քաղաքացիական նախաձեռնությունների ծրագրի ու Հայաստան-Կանզաս գործընկերության ծրագրի շրջանակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---