19 ապրիլի 2007 - 15:04 AMT
ԱՄՆ-ն հանդես է գալիս Կոսովոյի անկախության օգտին
«Միացյալ Նահանգները մտադիր են այլ երկրների հետ համատեղ մի բանաձեւ ներկայացնել ՄԱԿ-ի քննարկմանը, որով թույլատրվում է Կոսովոյի ժամանակավոր կառավարությանը անկախություն հռչակել»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բեռնսը: «Մոտակա շաբաթներին եւ ամիսներին մենք պետք է արագ գործենք, գործը մինչեւ վերջ հասցնելու եւ Կոսովոյին անկախության հասնելու հարցում օգնելու համար»,-ասել է Բեռնսը, ելույթ ունենալով ապրիլի 17-ին Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների կոմիտեում: Բեռնսը զբաղեցնում է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը, որը երրորդն է Պետդեպարտամենտում:

Մի քանի օրենսդիրներ մտահոգություն են հայտնել առ այն, որ Կոսովոյի անկախացումը վտանգավոր նախադեպ կստեղծի մյուս տարածաշրջանների համար, որոնք ձգտում են անջատվել: Անկախությանը կտրականապես դեմ են Սերբիան եւ Կոսովոյի սերբերը: Մտահոգություն է հայտնել նաեւ Ռուսաստանը, որը վետոի իրավունք ունի Անվտանգության Խորհրդում:

«Լուծումը, որը դրսից է պարտադրվում, եթե երկու կողմերը չեն հասել համաձայնության, ըստ իս, կարող է բերել իսկական ռազմական հակամարտության»,-զգուշացրել է Բեռնսին Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ Հովարդ Բերմանը:

Բեռնսը ընդգծել է, որ ԱՄՆ-ն եւ նրա եվրոպացի դաշնակիցները Կոսովոյի հետապնդման պատմությունը այժմ հանգուցյալ Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի ժամանակ համարում են եզակի իրավիճակ, որը նախադեպ չի ստեղծի մյուս անջատողական շարժումների համար: Ռուսաստանի առաջարկով Անվտանգության Խորհրդի բոլոր 15 դեսպանները մտադիր են հաջորդ շաբաթ` ապրիլի 23-ից ի վեր, այցելել Բելգրադ եւ Պրիշտինա, ինչպես նաեւ Բրյուսել: «Մենք գտնում ենք, որ այդ երկրներին օգտակար կլինի հանդիպել սերբական ղեկավարության հետ Բելգրադում, ալբանական եւ սերբական ղեկավարության հետ Պրիշտինայում»,-ասել է Բեռնսը: Դեսպանները Անվտանգության Խորհրդում Բրյուսելում կհանդիպեն նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի եւ արտաքին քաղաքականության գծով Եվրամիության գլխավոր ներկայացուցիչ Խավյեր Սոլանայի հետ Իսպանիայից:

«Տարածաշրջան այցելելուց հետո ԱՄՆ-ն մտադիր է այլ երկրների հետ համատեղ մի բանաձեւ ներկայացնել ՄԱԿ-ի քննարկմանը, որը կփոխարինի ՄԱԿ-ի 1244 բանաձեւը, որը ներկայումս որոշում է Կոսովոյի կարգավիճակը: Մենք գտնում ենք, որ այդ բանաձեւի ընդունումից հետո...Կոսովոյի առաջնորդները անկախություն կհռչակեն: Իսկ ԱՄՆ-ն եւ մյուս երկրները կճանաչեն այդ անկախությունը»,-ընդգծել է Բեռնսը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային լրատվական ծրագրերի բյուրոն: