11 օգոստոսի 2016 - 11:13 AMT
Էրդողանի խոսնակ. ԼՂ խնդրի լուծման հարցում դրական միտում կա

Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման շուրջ դրական միտում է նկատվում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ թուրքական A Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքների մասին խոսելիս:

Նա հայտնել է, որ ռուսական կողմը վերջին շրջանում կառուցողական ներդրում է ունեցել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում՝ նշելով, որ հարցը քննարկվել է օգոստոսի 8-ին Բաքվում ՌԴ նախագահ Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ:

Նրա պնդմամբ՝ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ հայտարարվել է Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ համագործակցության ֆորմատ ստեղծելու մասին, ինչը շատ կարևոր քայլ է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, թուրքական Hurriyet թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Օգոստոսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր: Նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ այլ հարցերի շարքում քննարկելով նաև ԼՂ հիմնախնդիրը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար: Իր հերթին, Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ քննարկել է հակամարտության կարգավորման թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու նշել է, որ տեղյակ կպահի Սերժ Սարգսյանին զրույցի բովանդակության մասին:

Կարդացեք նաև՝ Պուտին. Ադրբեջանը կարող է զենք գնել որտեղից որ ցանկանա

Սարգսյան. ԼՂ հարցի էությունն ինքնորոշման համար պայքարն է, և Պուտինի հետ մենք զրուցել ենք հենց այդ մասին