Սանասարյան. ՔԿՀ-ում բարեխիղճ ու քաղաքակիրթ վերաբերմունք է իմ հանդեպ

Սանասարյան. ՔԿՀ-ում  բարեխիղճ ու քաղաքակիրթ վերաբերմունք է իմ հանդեպ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին փաստաբանի միջոցով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված, «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը գրություն է փոխանցել փաստաբանի միջոցով, հայտնում է «Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը:

Գրության մեջ, մասնավորապես ասվում է.

«Մեր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումներն ավելի են հիմնավորում այն հանգամանքը, որ Հայաստանն արագ փոփոխությունների կարիք ունի, և մենք դրան հասնելու ենք միասնական և տևական պայքարի շնորհիվ։ Թեկուզ զրկված եմ ազատությունից, բայց հիմա առավել, քան երբեք հասկանում եմ ազատության արժեքը, որն ինձ տալիս է նպատակասլացություն, ամրություն, կամք, սեր և հավատ, և վաղ թե ուշ միասին կերտելու ենք ազատ, անկախ և իր զավակներին հետ կանչող Հայաստան։

Սիրելի՛ ընկերներ, փաստաբաններս տեղեկացրել են, որ մտահոգված եք առողջական վիճակովս, ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ բուժման և հետազոտության փուլում եմ և օր-օրի ինձ լավ եմ զգում, չնայած դեռ սուր գլխացավեր ունեմ, որոնք կարծում եմ հուլիսի 18-ին կարմիր բերետավորների կողմից խոշտանգումների և նրանց կողմից դաժան ծեծի ենթարկվելու արդյունքն են։

Ցանկանում եմ տեղեկացնել նաև մեկ հաճելի անակնկալի մասին, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի ամբողջ անձնակազմի կողմից արժանանում եմ բարեխիղճ ու քաղաքակիրթ վերաբերմունքի։ Հուսով եմ, որ նույն վերաբերմունքին արժանանում են նաև մյուս ընկերներս և ընդհանրապես կալանավորված անձիք։ Տեղեկացնեմ նաև, որ խցակիցներս կարգին մարդիկ են, և այս հանգամանքի շնորհիվ ավելի թեթև եմ տանում ապօրինի ազատազրկումս»։

Օգոստոսի 9-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացվող մշտադիտարկումների շրջանակում օգոստոսի 9-ին այցելություններ են իրականացրել «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» քրեակատարողական հիմնարկներ:

Տեղեկացվել է, որ Սանասարյանը ՄԻՊ ներկայացուցչի հետ առաձնազրույցի ընթացքում նշել է, որ վերջին օրերին հրապարակային աղբյուրներով տարածված իր առողջության վատթարացման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ Սանասարյանի՝ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ եղել են, երբ ինքը գտնվել է Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում, սակայն ներկայում իր առողջական վիճակը բարելավվել է և ստանում է համապատասխան դեղորայքային բուժում: Մասնավորապես, արդեն իսկ իրականացվել են համապատասխան հետազոտություններ, նշանակված են լրացուցիչ մի շարք հետազոտություններ, ինչպես նաև, անհրաժեշտությամբ պայմանավորված, նեղ մասնագետի խորհրդատվություն:

Օգոստոսի 2-ին քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի ու «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Ղուկասյանն ու Սանասարյանը մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Հովսեփ Խուրշուդյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---