19 ապրիլի 2007 - 18:27 AMT
Եթե Կոսովոն անկախություն ստանա, ապա Լեռնային Ղարաբաղը ավելորդ խաղաղթղթեր ձեռք կբերի
Կոսովոյի անկախության ճանաչման եւ հակամարտության կարգավորման հարցը հանդիսանում է քաղաքական, այլ ոչ թե իրավաբանական: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, այն շատ սուր եւ լուրջ է դրված, հատկապես Եվրոպայի համար այն շատ ավելի լուրջ է, քան Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Կոսովոյում 2 միլիոն ալբանցի կա, գաղթականներն ապրում են Եվրապայում, եւ արդեն դա Եվրոպայի համար գլխացավ է: Եւ պետք չէ մոռանալ, որ Սերբիան եւ Եվրոպան բավական բարդ հարաբերություններ ունեն, եւ պետք է ինչ-որ ելք գտնել»: Իսկանդարյանը նաեւ նկատել է, որ մեկ այլ կողմից, փորձը ցույց է տալիս, որ որեւէ հակամարտության կարգավորումն ուղղակիրորեն չի ազդում մեկ այլ հակամարտության վրա: «Սակայն միջնորդավորված ազդեցություն կա: Ամեն դեպքում, եթե Կոսովոն անկախություն ստանա, ապա Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Մերձդնեստրը ավելորդ խաղաթղթեր ձեռք կբերեն»,- ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ, հայ քաղաքագետն ընդգծել է, որ ներկա դրությամբ կատարվում է միջազգային իրավունքի աղոտացում: «Հասկանալի բան է, որ անկախության ճանաչումը կարող է ձգվել, սակայն եթե քաղաքականորեն այն կատարվի, ապա իրավաբանական ձեւակերպումը կհանգեցնի միջազգային իրավունքի փոփոխությունների»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը հայտարարել է, որ «Միացյալ Նահանգներն այլ երկրների հետ համատեղ ծրագրում են ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացնել բանաձեւ, որով Կոսովոյի ժամանակավոր կառավարությանը թույլ է տրվում անկախություն հռչակել: Մենք գտնում ենք, որ այդ բանաձեւի ընդունումից հետո... Կոսովոյի առաջնորդները կհռչակեն իրենց անկախությունը: Իսկ ապա Միացյալ Նահանգները եւ այլ երկրներ կճանաչեն այդ անկախությունը: Առաջիկա շաբաթներին եւ ամսիներին մենք պետք է արագ գործենք, որպեսզի գործն ավարտին հասցնենք եւ օգնենք Կոսովոյին բերել անկախության»: