15 օգոստոսի 2016 - 09:53 AMT
Շոյգու. Մոսկվան ու Բաքուն շատ բան ունեն քննարկելու ռազմատեխնիկական գործակցության ոլորտում

ՌԴ և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները շատ բան ունեն քննարկելու ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է երկու երկրների պաշտպանության նախարարների առջև ծառացած խնդիրրներին, ապա կաշխատենք անդրադառնալ այն ամենին, ինչի մասին դուք պայմանավորվել եք ՌԴ նախագահի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասով»,-ասել է Շոյգուն: Նա հավելել է, որ կողմերը «քննարկելու շատ բան ունեն»:

«Քննարկելու շատ բան կա նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,-ասել է Շոյգուն: Նա հավելել է. որ ՌԴ ՊՆ-ն երախտապարտ է ադրբեջանցի գործընկերներին Բանակային միջազգային խաղերին մասնակցելու համար, որտեղ, ըստ ռուս մասնագետների գնահատականների, ադրբեջանական թիմը «բավականին լավ հանդես եկավ»:

Շոյգուն Ադրբեջանում է գտնվում կարճատև աշխատանքային այցով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, կողմերն անդրադառնալու են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: