ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունը՝ Հայաստանում

ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունը՝ Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է անցկացնել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարը:

Այս մասին օգոստոսի 16-ին ասել է խաղարկության տնօրեն Գրիշա Ամիրխանյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ-ում օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանան մրցաշարի A խմբի հանդիպումները, իսկ այս ստուգատեսում մեր երկիրը կներկայացանի ֆուտզալի Հայաստանի կրկնակի չեմպիոն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

«Ամբողջությամբ պատրաստ ենք առաջնությանը: Մեր թիմի հետ մրցելու են դանիական «Գենտոֆտեն», շվեյցարական «Ֆուտզալ Մանիակս» և Կիպրոսի «Ապոել» թիմերը: Կազմկոմիտեի անունից բոլոր մրցող թիմերին մաղթում ենք հաջողություններ և գոլառատ հանդիպումներ»:

ՀՊՏՀ-ի թիմը հանդիպումներ կունենա օգոստոսի 17-ին ժամը 19.00-ին «Գենտոֆտե»-ի, օգոստոսի 18-ին` ժամը 19.00-ին «Ֆուտզալ Մանիակս»-ի և օգոստոսի 20-ին` ժամը 19.00-ին «Ապոել»-ի հետ:

ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանն էլ տեղեկացրել է, որ խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հնարավոր եղավ ձեռք բերել ՀՊՏՀ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանը աջակցում են ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

«Նման մեծ միջոցառման իրականացման համար բուհի կողմից ստեղծվել է նաև տեղական կազմկոմիտե, որի անդամներն են ուսանողական խորհրդի երիտասարդ կադրերը: Մեր ֆուտզալի թիմն ունի երկու տարվա պատմություն և ՀՀ կրկնակի չեմպիոն է, ունի նաև ուսանողական թիմի ստատուս և ՀՀ ուսանողական առաջնության հաղթող ենք: Երրորդ անգամ մասնակցել ենք Եվրոպական համալսարանական խաղերին: Այս ամենը հաշվի առնելով`մենք դիմեցինք ՀՖՖ, որ հնարավոր լինի ՈՒԵՖԱ-ին խնդրել, որը ՀՀ-ում անցկացվի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարը»:

ՀՊՏՀ Ֆուտզալի թիմի մարզիչ Կարեն Միքայելյանն էլ կարևորել է հատկապես «Ապոել»-ՀՊՏՀ հանդիպումը. «Կարճ ժամանակահատվածում հասցրել ենք ուսումնասիրել «Ապոելին», որը փորձառու թիմ է, ավելի նախընտրելի է իրենց ներուժը: Դանիական թիմից քիչ տեղեկություններ ունենք. խաղում են հիմնականում ֆիզիկական տվյալների հաշվին, Շվեյցարիայի թիմը զիջում է հիմնական թիմերին: Մեր թիմն էլ երկու տարվա միջազգային փորձ ունի, և ամեն ինչ անելու ենք, որ պատշաճ հանդես գանք»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---