30 հոկտեմբերի 2002 - 17:52 AMT
ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԵՐՐՈՐԴ` ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Ադրբեջանն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության լուծման երրորդ` փոխզիջումային տարբերակ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: Ընդ որում նա աննպատակահարմար է գտել բացահայտել տվյալ տարբերակի բովանդակությունը, քանի որ «դա շատ նուրբ հարց է»: Իրավիճակն աչքաթող է արվել դեռեւս 80-ական թվականների վերջում, Խորհրդային Միության ժամանակ, նշել է Ստեպաշինը: Միեւնույն ժամանակ նա կտրականապես դեմ է արտահայտվել հակամարտության ռազմական լուծման վերաբերյալ: «Պատերազմական գործողություններով այդ խնդիրը չի կարելի լուծել: Եվ նրանք, ովքեր մղում են դրան, պետք է հասկանան, թե ինչի մեջ են ներքաշում իրենց ժողովուրդներին»,- նշել է ռուսաստանցի քաղաքական գործիչը: