Գագիկ Մակարյան. Ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ»-ը տարածաշրջանային գրասենյակ կբացի Հայաստանում

Գագիկ Մակարյան. Ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ»-ը տարածաշրջանային գրասենյակ կբացի Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի գործատուների հանրապետական միությունը Հայաստանում ներդրումներ կատարելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել աշխարհահռչակ «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության հետ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց միության նախագահ Գագիկ Մակարյանը, հայտնում է Tert.am-ը:

Օգոստոսի 18-ին, Մակարյանի փոխանցմամբ, «Շնայդեր էլեկտրիկ»-ի ներկայացուցիչները կհանդիպեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

«ԱՊՀ երկրներում «Շնայդեր էլեկտրիկ»-ը 6 գործարան ունի: Գլխավոր գրասենյակը Փարիզում է: Հիմա նրանք շահագրգռված են Հայաստանում ներդրումների կատարմամբ, արտադրությունների պատվերներում: Կբացեն գրասենյակ: Մեր տարածաշրջանում գրասենյակ չկա: Առաջինը կլինի Հայաստանում»,- ասել է Գագիկ Մակարյանը՝ տեղեկացնելով, որ «Շնայդեր էլեկտրիկ»-ը արևային ու քամու էներգիայի արտադրությամբ է զբաղվում, ցանցերի լավացմամբ, կորպորատիվ, սոցիալական ծրագրերով, մասնագետների համար կրթական ծրագրերի անցկացմամբ և այլն:

Թե որքան գումար կներդնեն ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները Հայաստանում՝ Գագիկ Մակարյանը դժվարացավ ասել:

Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ Գագիկ Մակարյանի, դա դրական կազդի ՀՀ տնտեսության վրա, եթե չմեծանա «ժողովրդի շալակը բարձրացած գործիչների թիվը»: «Նման քաղաքական գործիչներ կան: Ես անհանգստություն ունեմ, որ համաձայնության իշխանությունը ստեղծելուց շալակը բարձրացողների թիվը չավելանա: Սա ռիսկային է: Ոչ թե պետք է ամիսներ սպասել, այլ՝ հրատապ փոփոխություններ անել: Պետք է ցրել ամպոտ երկինքը, բիզնեսին ազատ շունչ տալ, տեղական մարմիններին սանձել, որոնք բյուջե են մսխում, ամեն ամիս գյուղապետի մեքենայի ծախսերի համար 600 հազար դրամ գումար են հատկացնում»,- նշել է Մակարյանը:

ԱԺ-ում մարտի 16-ին միաձայն հաստատվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տրվում մինչև 150 կՎտ հզորության արևային կայաններ տեղադրել: 150 կՎտ-ից պակաս հզորությամբ արևային կայաններ ունեցող ֆիզիկական անձինք կկարողանան էլեկտրաէներգիա մատակարարել ընդհանուր ցանցին: Այսինքն, սեփական արտադրությունից ավելցուկը հնարավոր կլինի վաճառել՝ գործող սակագնի կեսով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---