Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է

Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է, հայտնում է «Այսօրը»:

Լրագրողների հետ զրույցում Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ նիստը հետաձգվել է, քանի որ իրենք միջնորդել են, որ դատական նիստին ներկա գտնվի Ա.Ղուկասյանը: «Անդրիաս Ղուկասյանը ցանկություն է հայտնել՝ մասնակցելու դատական նիստին: Վերաքննիչ դատարանն էլ ժամանակ տրամադրեց, որ մենք գրավոր միջնորդություն ներկայացնենք»,- ասել է Լուսինե Սահակյանը:

Պաշտպանի խոսքով՝ արդեն 18 օր հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և իրեն «քաղբանտարկյալ է համարում»:

Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Օգոստոսի 2-ին նրա հանդեպ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---