ԱՄՆ փոխդեսպան. կոռուպցիան Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական մարտահրավերն է

ԱՄՆ փոխդեսպան. կոռուպցիան Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական մարտահրավերն է

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն Դեբորա Գրիզերին:

Նախարարն անդրադարձել է ներկայում USAID-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին՝ մասնավորապես ներկայացնելով ապօրինի հարստացման քրեականացմանն ու իրական սեփականատերերի գրանցմանը վերաբերող օրենսդրական կարգավորումները:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներ են նաև նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: USAID-ն օժանդակում է հակակոռուպցիոն պայքարին «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի միջոցով: Նրա ընդհանուր արժեքը կազմում է 806.390 ԱՄՆ դոլար, որից ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցում` 749.110 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրում` 57280 ԱՄՆ դոլար: Միջոցներն ուղղվելու են երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ աշխատելու նպատակով, ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:

Հանդիպման ընթացքում փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը նշել է, որ ԱՄՆ դեսպանությունը մեծապես արժևորում է Արդարադատության նախարարության հետ ամուր գործընկերությունը: Նրա խոսքով՝ դեսպանության մի քանի գրասենյակներ և ստորաբաժանումներ, մասնավորապես՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Մշտական իրավախորհրդատուի գրասենյակը և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը կանոնավոր և սերտորեն գործակցում են նախարարության հետ բազմաբնույթ ծրագրերի, այդ թվում՝ հակակոռուպցիոն նախաձեռնությունների շրջանակում: Փոխդեսպանը կոչ է արել նախարարությանը շարունակել իր առաջատար դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարում, քանզի կոռուպցիան Հայաստանի տնտեսական զարգացման ու ժողովրդավարայնացման ճանապարհին առկա հիմնական մարտահրավերն է:

Կարդացեք նաև. USAID-ն կհատուցի կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում ՀՀ կառավարության կրած ծախսերը

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---