Ուժեղ Հայաստանը պետք է լինի հայ ժողովրդի պատասխանը Հայոց եղեռնը ծրագրողներին եւ իրագործողներին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ուղերձով` Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Բայց հիշողությունն այդ ոճրագործության մասին մեր հոգիներում միշտ է առկա: Հայ ժողովրդի հետ այս օրը հիշում եւ ոգեկոչում են աշխարհի բազմաթիվ երկրներ: Միջազգային հանրությունը գիտակցել է, որ ցեղասպանությունը հանցագործություն է` ուղղված ոչ միայն առանձին ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ. հանցագործություն, որի նախապատրաստումից եւ իրագործումից պակաս վտանգավոր չեն դրա ժխտումն ու քողարկումը: Փորձություններն ու անարդարության զգացումն ունեն միավորելու հատկություն: Ցեղասպանության արհավիրքը խտացրեց հայ ինքնության զգացումը, ստիպեց հայությանը համախմբվել, ուժեղացրեց անկախ պետականության իղձը: Լինելով հայության դարավոր երազանքի արտացոլումը` Հայաստանի Հանրապետությունը պետք է շենանա եւ զարգանա որպես համայն հայության Հայրենիք: Ուժեղ, ժողովրդավարական, բարեկեցիկ Հայաստանը պետք է լինի հայ ժողովրդի պատասխանը Հայոց եղեռնը ծրագրողներին, իրագործողներին եւ ժխտողներին»:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---