24 ապրիլի 2007 - 20:27 AMT
Կրասնոդարում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կրասնոդարի Հովհաննես Ավետարանիչ հայկական եկեղեցում ապրիլի 24-ին միջոցառում է կայացել` նվիրված 1915-1922 թվականներին Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին տարբեր կազմակերպությունների եւ անհատների կողմից ծաղկեպսակներ են դրվել: Պատարագ է անկացրել Հայկական Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի հարավային թեմի եպիսկոպոս Մովսես Մովսիսյանը, որից հետո եկեղեցու բակում հիշատակի հանրահավաք է անցել:

Հանրաքվեի ժամանակ ելույթ ունեցած «Երկրամասի» գլխավոր խմբագիր Տիգրան Տավադյանը նշել է, որ յուրաքանչյուր հայ պետք է իր սրտում կրի անմեղ զոհերի լուսավոր հիշատակը, սակայն միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում պետք է ոչ միայն սպասել բարոյական բավարարություն, այլեւ Արեւմտյան Հայաստանի պատմական հողերը վերադարձնելու հնարավորություն: «Այսօր հայկական սփյուռքի դերը կայանում է նրանում, որ եւս մեկ անգամ ապացուցենք աշխարհին, որ հայերը պայքարող ժողովուրդ են... Այդ պայքարում իրենց տեղն ունի նաեւ Կրասնոդարի շրջանի հայկական սփյուռքը, որի մեծ մասը եկել է Արեւմտյան Հայաստանից»,- ասել է Տիգրան Տավդյանը:

Հանրահավաքի ժամանակ ելույթ են ունեցել նաեւ Կրասնոդարի քաղաքային Դումայի պատգամավոր Վլադիմր Մարանյանը, Կրասնոդարի Ազգային Մշակույթների կենտրոնի ներկայացուցիչ Օլեգ Գեորգիզովը, Ռուսաստանի Հայերի Միության քաղաքային բաժնի նախագահ Ռազմիկ Գեւորգյանը, Կրասնոդարի հայ ուսանողների հայրենակցության նախագահ Արթուր Եղինյանը եւ այլոք:

Կրասնոդարում անցկացված հանրահավաքի ժամանակ մի խումբ հայ երիտասարդների կողմից այրվել է Թուրքիայի Հանրապետության դրոշը: