Հին նմուշի անձնագիրը չի փոխանակվում ըստ ցանկության. Դրա համար հիմքեր են պետք

Հին նմուշի անձնագիրը չի փոխանակվում ըստ ցանկության. Դրա համար հիմքեր են պետք

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, որ առանց հիմքերի առկայության, միայն քաղաքացու ցանկությամբ հին նմուշի անձնագրերը չեն փոխանակվում:

«Հին նմուշի անձնագիր ստանալու ոլորտը կանոնակարգող օրենսդրության համաձայն նշված անձնագիրը կարող է փոխանակվել

1. դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, 2. գրառումներում անճշտություններ հայտնաբերելու, 3. անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու, 4.վավերականության ժամկետը լրացած լինելու դեպքերում:

Տարածքային անձնագրային ծառայություններին իմ կողմից հանձնարարվել է առանց նշված հիմքերի առկայության, ուղղակի քաղաքացու ցանկությամբ նշված անձնագրերը չփոխանակել»,-ասվում է գրառման մեջ :

Գրառման մեջ ասվում է նաև, որ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ 5 տարով:

«Բացառություն կարող է լինել միայն մեկ դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետի ավարտին մնացել է 6 ամսից քիչ ժամկետ և քաղաքացին ճամփորդում է այնպիսի երկիր, որտեղից պահանջվում է անձնագրի առնվազն 6 ամսյա վավերականության ժամկետ:

Պահանջը պայմանավորված է տեղերում հերթերից խուսափելու, ինչպես նաև այն քաղաքացիների անձնագիր ստանալու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով, որոնց անձնագրերը բավարարում են վերը նշված պահանջներին և ենթակա են փոխանակման:

Հորդորում ենք չանհանգստանալ, քանի որ ներկայիս իրավակարգավորումների համաձայն մինչև 2019թ. հունվարի 1-ը քաղաքացին կարող է դիմել հին նմուշի անձնագիր ստանալու համար»,-գրել է Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ փոփոխությունների արդյունքում աննախադեպ ավելացել է անձնագիր ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը, որն էլ իր հերթին դժվարացնում է աշխատանքները անձնագրային ծառայություններում՝ ստեղծելով նաև անհարմարություններ քաղաքացիների համար: Շատ ժամանակ անձնագրի փոխանակման համար դիմում են նաև այն անձինք, որոնց անձնագրերի վավերականության ժամկետի ավարտին կան ամիսներ և նույնիսկ տարիներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---