Ժնևում ՀՀ անկախության տարեդարձին նվիրված համերգ է տեղի ունեցել

Ժնևում ՀՀ անկախության տարեդարձին նվիրված համերգ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո օգոստոսի 25-ին Ժնևում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, երեկոյի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր ջերմ երախտիքն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին և արվեստագետներին՝ երեքհազարամյա պատմության ընթացքում տարբեր մշակույթների, կրոնների, քաղաքակրթությունների հանդիպման խաչմերուկում գտնվող հայ ժողովրդի հարուստ և ինքնատիպ երաժշտական արվեստը ժնևյան հանդիսատեսին լավագույնս ներկայացնելու հնարավորության համար:

Հայ արվեստի մեծ երախտավորների, ինչպես միջնադարյան, այնպես էլ արդի շրջանի երաժշտական արվեստի առանձնահատկությունների ներկայացմամբ հանդես է եկել Ժնևի Կոնսերվատորիայի տնօրեն Եվա Հարությունյանը:

Համերգի ընթացքում միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրներ՝ դաշնակահարուհի Եվա Հարությունյանի, մեներգչուհի Ջուլիետ Գալստյանի, դուդուկահար Լևոն Չատիկյանի, ջութակահար Ֆիլիպ Տալեկի և կլարնետահար Դմիտրի Ռասուլ-Կարաևի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Հայկական պարարվեստի փայլուն ներկայացմամբ հանդես եկավ երիտասարդ կատարող Աննա Գրիգորյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ժնևում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---