Հալեպում խմելու ջրի բաշխման 200 կետ է բացվել

Հալեպում խմելու ջրի բաշխման 200 կետ է բացվել

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանություններն աշխատում են կանխել հումանիտար աղետը Հալեպում: Քանի որ ծայրահեղականները գրավել են Եփրատ-Քուեյք ջրբաժաններից մեկը, ջրի պակաս է զգացվում քաղաքում: Ահաբեկիչները փորձում են հյուծել բնակիչներին, սակայն Սիրիայի իշխանությունները ջրի կանոնավոր մատակարարում են ապահովել:

Միայն արևմտյան Հալեպում իշխանությունները ջրի բաշխման մոտ 200 կետ են բացել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այն բանից հետո, երբ ահաբեկիչները փակեցին Եփրատ գետից եկող ջրամատակարարումը, Սիրիայի կառավարությունը միջազգային հումանիտար կազմակերպությունների օգնությամբ ջրի բաշխման մոտ 200 կետ է բացել Հալեպում: Սակայն հիմա աշխատում է մոտ 120-ը, մյուսները կգործարկվեն ըստ անհրաժեշտության»,-ասել է քաղաքը ջրով ապահովելու կենտրոնի ղեկավար Աբդուլ Ազիզ ալ Բեյնը:

Ընդհանուր առմամբ քաղաքում մոտ 5.000 հոր է փորված` դեռ հաջողվում է խուսափել խմելու ջրի պակասից:

Հալեպում չկա նաև սննդամթերքի պակաս` տասնյակ մարդասիրական կազմակերպություններ են աշխատում քաղաքում: Հումանիտար ամենամեծ կետերից մեկը բացվել է Աբու Հանիֆա ան Նուաման մզկիթում «Ալ Իսհան» կազմակերպության կողմից, ուր ամեն օր սննդամթերք է բերվում, որի համար վճարում են կառավարությունն ու հովանավորները:

ՄԱԿ հումանիտար օգնության համակարգող Սթիվեն Օ’Բրայանն իրավիճակը Սիրիայում մեր ժամանակների ամենալայնածավալ հումանիտար ճգնաժամն է համարել և զգուշացրել է հրատապ միջոցների անհրաժեշտության մասին, քանի որ պաշարված շրջանների հարյուր հազարավոր բնակիչների փրկության համար սննդամթերք, ջուր և դեղորայք է պետք:

Հալեպի արևելքը վերահսկում են ընդդիմության ուժերը, սակայն արդեն մի քանի շաբաթ է այդ հատվածը պաշարված է կառավարական ուժերի կողմից: Այդպիսով, մոտ 250.000 մարդ հայտնվել է ծուղակում: Կառավարությունը վերահսկում է արևմտյան թաղամասերը, որտեղ մոտ 1 մլն մարդ է ապրում:

Ընթերցեք նաև.Հրթիռակոծվել են Հալեպի հայկական թաղամասերը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---