31 օգոստոսի 2016 - 12:56 AMT
Օբաման 1 տարով երկարացրել է արտակարգ իրավիճակի ռեժիմն ԱՄՆ-ում

Նախագահ Բարաք Օբաման 1 տարով երկարացրել է արտակարգ իրավիճակի ռեժիմն ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի հետ կապված, որն ի սկզբանե հայտարարվել էր 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Հրամանագրում ասվում է, որ արտակարգ իրավիճակի ռեժիմի երկարացումը պայմանավորված է ահաբեկչությունների սպառնալիքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ահաբեկչական սպառնալիքը, որի պատճառով արտակարգ իրավիճակ հայտարարվեց 2001թ. սեպտեմբերի 14-ին, պահպանվում է: Ոսւտի անհրաժեշտ եմ համարում, որ գործող ռեժիմը երկարացվի ևս մեկ տարով` նաև 2016-ի սեպտեմբերի 14-ից հետո, հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը»,-ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:

Գործող ռեժիմի ժամկետը սպառվում էր 2016-ի սեպտեմբերի 14-ին: Փաստաթուղթը կոնկրետ գործողություններ չի սահմանում ԱՄՆ իշխանությունների համար, սակայն որոշիչ է ահաբեկչական սպառնալիքներին արձագանքելու դեպքում:

2001թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք, ենթադրաբար, «Ալ Քաեդայի» անդամներ էին, բաժանվելով 4 խմբի, զավթեցին ԱՄՆ չորս ուղևորատար ինքնաթիռներ, որից երկուսն ուղորդեցին դեպի Նյու Յորաի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վրա: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղեցին Պենտագոնի վրա, չորրորդ ինքնաթիռը վայր ընկավ Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտ: Հարձակումների արդյունքում զոհվեց 2974 մարդ, ևս 24-ը անհայտ կորան: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին: