Օհանյան. Հայկական զինուժը միշտ էլ պատրաստ է դիմագրավել ցանկացած գործողության

Օհանյան. Հայկական զինուժը միշտ էլ պատրաստ է դիմագրավել ցանկացած գործողության

PanARMENIAN.Net - Սահմանային իրադրությանը համեմատաբար հանգիստ է, իսկ կրակոցները վերջին շրջանում պակասել են: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում, հայտնում է Tert.am-ը:

«Կրակոցներ կան, խախտումներ լինում են մեր հարևանների կողմից: Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում»,-ասել է նախարարը՝ ավելացնելով, որ փորձում են այնպես անել, որպեսզի լարվածություն չլինի։

Պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակը կարելի է համարել հանգստություն փոթորկից առաջ` Սեյրան Օհանյանն ասել է, որ հայկական զինուժը միշտ էլ պատրաստ է դիմագրավել ցանկացած գործողության: «Զինված ուժերի գործողությունների մեջ միշտ էլ մեր գործողությունները փոթորկի նման են: Մենք միշտ պահում ենք զգոնությունը և պատրաստ ենք դիմագրավել փոթորկին»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև առաջնագծում տարվող աշխատանքներին։ Մասնավորապես, նրա խոսքով, հենակետերը տեսադիտարկման տեխնիկական սարքավորումներով զինելու ուղղությամբ կատարվող աշխատանքները սկսվել են դեռևս 2013-ի վերջին, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այդ աշխատանքներն էլ ավելի են արագացվել:

«Թող մեր ժողովրդի մոտ տպավորություն չստեղծվի, որ առաջնագծի կատարելագործման աշխատանքները տարվում են միայն քառօրյա մարտական գործողություններից հետո: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ պաշտպանական գիծն ինժեներական սարքավորումներով ամբողջ խորությամբ և ճակատով հագեցվածությունն ապահովում է ժամանակակից մարտական գործողությունների վարումը: Ուղղակի ինժեներական հագեցվածության ուղղությամբ աշխատանքները տարվել են այն տեղերում, որտեղ թեթևակի փոփոխություններ են եղել»,- ասել է նախարար Սեյրան Օհանյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ:

Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Սպանվել էր 4 խաղաղ բնակիչ, ևս 9 զինծառայող մահացել է ոչ մարտական պայմաններում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---