Սարի թաղի դեպքերի գործով 19-ը լրագրող տուժող է ճանաչվել

Սարի թաղի դեպքերի գործով 19-ը լրագրող տուժող է ճանաչվել

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է տեղեկատվություն տրամադրել 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին:

Նախաքննության ներկա փուլում իրականացվում է քրեական գործով ապացույցների հավաքման, ստուգման և գնահատման գործընթացը: Նախաքննական մարմնի կողմից քրեական գործով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական, դատակենսաբանական:

Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ենթադրաբար տուժել է 99 քաղաքացի, 23-ը՝ լրագրող:

2016 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ՝ հիշյալ քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել է 74 քաղաքացի, 63-ը ճանաչվել է տուժող, իսկ 11 անձ հարցաքննվել է որպես վկա: Մնացած 25 անձանց հայտնաբերելու համար հետաքննության մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հարցաքննվել է նաև զանգվածային տարբեր լրատվամիջոցների 23 լրագրողներից 21-ը: Նրանցից 19-ը ճանաչվել է տուժող, 2-ը հարցաքննվել է որպես վկա, իսկ 2-ը հրաժարվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, հայտնում է ՀՔԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ 47 անձ ստացել է բեկորային վնասվածք, 36-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության, 5-ի մոտ հայտնաբերվել են այրվածքներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում հնարավոր է եղել պարզել վնասված կամ հափշտակված լրագրողական տեխնիկայի նախնական ցանկը:

Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: Հուլիսի 19-ին ի պաշտպանություն նրանց ցույց է կազմակերպվել, որի ընթացքում բախումներ են եղել, ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են շպրտել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---