26 ապրիլի 2007 - 14:24 AMT
Վարդան Օսկանյանն ու Փիտեր Սեմնեբին քննարկել են Ղարաբաղի շուրջ Բելգրադում կայացած բանակցությունների արդյունքները
Բելգիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, հայ-թուրքական հարաբերությունները: Անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությանը, ինչի կապակցությամբ նախարարը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը ներկայացվելիք բանաձեւի վերաբերյալ: Այնուհետեւ զրուցակիցները խոսեցին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծեց, որ ԵՄ երկրներն ու եվրոպական հանձնաժողովը մեծ նշանակություն են տալիս Հայաստանում ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխան անցկացմանը եւ հորդորեց ՀՀ իշխանություններին այս ուղղությամբ ձեռնարկել բոլոր միջոցները: Նախարար Օսկանյանը հավաստիացրեց, որ այսօր կան բոլոր պայմանները ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար: Զրուցակիցները նաեւ քննարկեցին Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի կատարման հետ կապված հարցեր:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների բելգրադյան փուլի արդյունքների շուրջ: Սեմնեբին տեղեկացրեց, որ այսօր երեկոյան մեկնում է Բաքու` մասնակցելու ԶԼՄ-ներին նվիրված խորհրդաժողովին, որի շրջանակներում նախատեսվում է իր հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: