1 սեպտեմբերի 2016 - 09:29 AMT
Sözcü. Պուտինն Էրդողանից պահանջել է ԼՂ հարցում զուսպ լինել

Թուրքական Sözcü պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն անդրադարձել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած` Պուտին-Էրդողան հանդիպմանը:

Աթաքլըն մանրամասներ է ներկայացրել նախագահների հանդիպումից՝ պնդելով, որ Պուտինը 7 նախապայման է ներկայացրել Էրդողանին, որոնց լուծման դեպքում կողմերի միջև հարաբերությունները կկարգավորվեն, գրում է Yerkir.am-ը:

Ըստ լրագրողի` Պուտինի ներկայացրած նախապայմանները հետևյալն են.

1. «Սիրիայի նկատմամբ ձեր քաղաքականությունն ի սկսզբանե սխալ է ընթացել: Մենք Ասադին ենք աջակցում, դուք էլ այլևս համառությունից հրաժարվեք և ճանաչեք Ասադի գոյությունը: Ընդունեք, որ Սիրիայի խնդիրն անցնում է Ասադով:

2. Ղարաբաղը մեզ համար շատ կարևոր է: Գիտենք նաև, որ այն ձեզ համար էլ Ադրբեջանի պատճառով է կարևոր, սակայն այս հարցում այլևս զսպվածություն ցուցաբերեք: Այս խնդիրն էլ պետք է լուծում ստանա: Մեզ հակառակվելով՝ խնդիրը լուծելու փոխարեն, ավելի եք բարդացնում:

3. Ղրիմի հարցում դուք աջակցում եք մեր դեմ իրականացվող քայլերին՝ օգտագործելով պատմական կապերը: Եվ այդ նույնն անում եք Կովկասի որոշ երկրներում նույնպես. մենք ուշադիր հետևում ենք: Սխալ եք անում: Դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը:

4. Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը մեր կազմակերպության անդամ երկրներ են: Մենք գիտենք և հետևում ենք, որ ձեր գործակալները այդ երկրներում հետախուզական աշխատանքներ են իրականացնում և փորձում են տարածաշրջանի ժողովուրդներին մեր դեմ տրամադրել: Վերջ տվեք: Մենք դա թույլ չենք տա:

5. Այն դեպքում, երբ Սիրիայում բուն վտանգը «Իսլամական պետություն» ահաբեկչական և նմանատիպ այլ խմբավորումներն են, դուք ձեր ուշադրությունը հրավիրում եք Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) վրա: PYD-ն մեզ համար էլ է կարևոր: Որևէ քայլ անելիս այդ մասին մի' մոռացեք: Հակառակ դեպքում` տարածաշրջանը ոչ ցանկալի իրադարձությունների թատերաբեմ կարող է դառնալ:

6. Վերջ տվեք Սիրիա զենքի և զինամթերք ուղարկելուն: Ձեր սահմանները բաց են պահվում ահաբեկչական կառույցների և Ռուսաստանի շահերին դեմ հանդես եկողների համար: Վերահսկեք ձեր սահմաններն ու հանդուրժողականություն մի' ցուցաբերեք ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ:

7. Երկու երկրի միջև փոհադարձ վստահությունն ու անկեղծությունը շատ կարևոր են: Ներքին քաղաքականության դեպքում հասկանելի է, սակայն մի շարք թուրք նախարարների և պաշտոնյաների հակառուսական հայտարարությունները մեզ չափազանց անհանգստացնում են: Հատկապես` մեր ինքնաթիռի խոցումից հետո արված որոշ հայտարարություններ չեն կարող մոռացվել: Այսուհետ, կխնդրեմ, ավելի զգույշ լինեն»:

Ի դեպ, սյունակագիրը նշել է, որ այս 7 կետին «նախազգուշացում» ասելը կարող է «շատ լինել»: Դրա փոխարեն նա առաջարկել է դրանք ընկալել որպես «պայման»:

Օգոստոսի 8-ին Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որՌուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի տարածաշրջանային խնդիրների լուծման վրա: Պուտինն, իր հերթին, հույս է հայտնել, որ Թուրքիայում հեղաշրջման տապալումից հետո երկրում կարգուկանոն կհաստատվի:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը` Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց: Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։

Հունիսին ռուսական կողմը հայտարարել է, որ Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծիչի համար: