Բրազիլիայի նախագահը պաշտոնանկ է արվել. Երկրում անկարգություններ են սկսվել

Բրազիլիայի նախագահը պաշտոնանկ է արվել. Երկրում անկարգություններ են սկսվել

PanARMENIAN.Net - Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը պաշտոնանկ է արվել: Երկրի ամենամեծ Սան Պաուլու քաղաքում անկարգություներ են սկսվել: Նախկին նախագահի կողմնակիցները սկսել են այրել աղբն ու քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Ցուցարարները ինքնաշեն պայթուցիկներ են գործի դրել:

Ռուսեֆի պաշտոնանկության հետ կապված պատմությունը մի քանի ամիս տևեց: Մայիսին սենատորները սկզբից հեռացրեցին նրան պաշտոնից 180 օրով, իսկ օգոստոսի 31-ին վերջնական որոշում կայացրեցին: Ռուսեֆի պաշտոնանկության օգտին քվեարկել է 61 սենատոր, նրա կողմնակիցների թիվը եռակի անգամ պակաս էր` 20 մարդ:

Այժմ նախագահի պարտականությունները կկատարի Միշել Թեմերը: Նա կպաշտոնավարի մինչև 2018-ի ավարտը, երբ կանցկացվեն նոր ընտրություններ և պետության նոր ղեկավար կնշանակվի:

Քվեարկությունից հետո Ռուսեֆը դուրս է եկել իր կողմնակիցների մոտ: Նա «խորհրդարանական հեղաշրջում է» անվանել կատարվածը և խոստացել է շարունակել քաղաքական գործունեությունը:

Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Բրազիլիայի գերագույն դատարանը մերժել է նախագահի կողմնակիցների բողոքարկումը, որով պահանջվում էր կասեցնել իմպիչմենտի ընթացակարգը: Ըստ նրանց, Սենատը պետք է առնվազն սպասեր դատարանի որոշմանը` քննարկումներ սկսելուց առաջ:Ռուսեֆին մեղադրում են կոռուպցիայի, հարկային չարաշահումների և բյուջետային միջոցները նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործելու մեջ:

2016-ի մարտի 14-ին նախագահի պաշտոնանկության պահանջով փողոց դուրս եկավ մոտ 3 մլն մարդ: Ռուսեֆը ստանձնել է Բրազիլիայի նախագահի պաշտոնը 2011-ի հունվարի 1-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---