ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են Անդրիաս Ղուկասյանի բժշկական փաստաթղթերը

ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են Անդրիաս Ղուկասյանի բժշկական փաստաթղթերը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները օգոստոսի 31-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանին:

Այցելության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Ղուկասյանի գրավոր համաձայնությամբ ուսումնասիրել են վերջինիս բժշկական փաստաթղթերը և ստացել դրանց պատճենները:

Անդրիաս Ղուկասյանը հայտնել է, որ օգոստոսի 27-ին ինքը ենթարկվել է արյան և այլ լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ իր կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում: Նշել է, որ 2016 թվականի օգոստոսի 29-ին իր կողմից հրավիրված բժշկի կողմից ենթարկվել է սոնոգրաֆիկ հետազոտության, վերցվել են համապատասխան նմուշներ, սակայն հետազոտությունների արդյունքները դեռևս չեն ստացվել:

«Տեղեկացնում ենք, որ Ա.Ղուկասյանի հետ նախորդ առանձնազրույցների արդյունքները՝ կապված նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և նրան կալանքի տակ պահելու հիմքերի հետ, արդեն իսկ ուղարկվել են քրեական հետապնդման մարմնին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հարցը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո: Այսուհետ ևս ձեռնարկվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցները նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով, ասվում է հայտարարության մեջ:

Օգոստոսի 26-ին՝ աշխատանքային օրվա ավարտին Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ էր ներկայացրել դիմում Ղուկասյանի հացադուլի և նրա առողջական վիճակի վերաբերյալ: Թարխանյանին ընդունել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նշվածից բացի, ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի շրջանակներում տեսակցել են Ա. Ղուկասյանին: Նրա հետ տեղի էր ունեցել առանձնազրույց, ինչպես նաև ուսումնասիրվել էին նրա վերաբերյալ փաստաթղթերը:

Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Օգոստոսի 2-ին նրա հանդեպ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---