Բելգիացի խորհրդարանականները կայցելեն Արցախ

Բելգիացի խորհրդարանականները կայցելեն Արցախ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և առանձնակի կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծելով, որ Հայաստանում Բելգիան ավանդաբար ընկալվում է որպես բարեկամ և վստահելի գործընկեր, ում հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ առնչությունների, նույնանման արժեհամակարգի և զարգացման համադրելի տեսլականի հետ, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բելգիացի խորհրդարանականների այցը մեր երկիր նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը:

Հանրապետության նախագահը ողջունել է պատգամավորների այցը նաև Արցախ, որտեղ նրանք հնարավորություն կունենան ուղղակիորեն տեղում ծանոթանալու ԼՂ հիմնախնդրի էությանն ու ավելի լավ պատկերացնելու արցախցիների ձգտումները, մտահոգությունները, առօրյան և անցած ավելի քան երկու տասնամյակի ձեռքբերումները:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին և ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, նշելով, որ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում այդ քայլը և ընդունում այն որպես ցեղասպանության դատապարտման ու կանխարգելման գործում Բելգիայի վճռական հանձնառություն: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են խորհրդարանական ակտիվ շփումները և հատկապես բարեկամության խմբի գործունեությունը Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման գործում:

ՀՀ նախագահը պատասխանել է նաև բելգիացի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման, Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Երախտագիտության մեդալով` ընդգծելով, որ պարոն Դալմանը Հայաստանում աշխատել է դեռևս 1988թ.՝ մեր ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանում՝ ավերիչ երկրաշարժից հետո որպես բժիշկ կատարելով իր մասնագիտական պարտքը:

Ժորժ Դալմանը մեծ պատիվ է համարել նման բարձր պարգևի արժանանալը, ընդգծել, որ Հայաստանն իր սրտում է արդեն 28 տարի, և այսօր էլ պատրաստ է իր գործունեությամբ օգտակար լինելու մեր երկրին ու ժողովրդին:

Հունիսի 7-ին Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով այցելել էր Բելգիա: Հունիսի 8-ին նախագահը Բրյուսելում հանդիպել էր Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի և մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի և Արցախի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել էր, որ Արցախը պատրաստակամ է զարգացնել խորհրդարանական հարաբերությունները Բելգիայի հետ և այստեղ ակնկալում է հայ ժողովրդի բարեկամների գործուն աջակցությունը:

Բելգիայի խորհրդարանական պատվիրակությունը 2015-ին այցելել էր Լեռնային Ղարաբաղ՝ ստանալով Ադրբեջանի դեսպանատնից համապատասխան նախազգուշացումներ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---