26 ապրիլի 2007 - 17:00 AMT
ԱՄՆ Սենատում «գազային ՕՊԵԿ»-ի արգելման մասին օրենք են պատրաստել
ԱՄՆ Սենատի իրավաբանական կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է այլ պետություններին ՕՊԵԿ-ի սկզբունքով նավթային եւ գազային միջազգային կազմակերպությունների ստեղծումը:

1980 թվականին ընդունված ԱՄՆ-ի առաջին հակամենաշնորհային օրենքի` Շերմանի Ակտի ուղղումներով ենթադրվում է արտասահմանյան պետությունների կառավարությունների հետապնդում ամերիկյան դատախազության կողմից այս օրենքի խախտման դեպքում:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինն այս օրինագծի նախապատրաստման կապակցությամբ հայտարարեց, որ Ռուսաստանը յուրաքանչյուր պետության սեփական իրավունքն է համարում նավթային ասպարեզում միությունների ստեղծումը: Ռուս դիվանագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ն արդեն որերորդ անգամն է փորձում են իրենց օրենքների ազդեցությունը տարածել «ազգային տարածքի սահմաններից դուրս»:

ՕՊԵԿ-ի սկզբունքով, բնական գազ մատակարարող երկրների կազմակերպություն ստեծելու առաջարկով առաջին անգամ հանդես է եկել Իրանը: Այս երկիրը, ինչպես նաեւ այս նախագծի իրագործման հեռանկարում դիտարկվող Ռուսաստանը, Կատարը, Ալժիրը եւ եւս մի քանի պետություններ իրականացնում են գազի համաշխարհային մատակարարման 42 տոկոսն ու հանդիսասնում են գազի համաշխարհային պաշարի 70 տոկոսի կրողը: Գազի ոչ մեծ մատակարարողներից միայն Նորվեգիան է կտրուկ դեմ հանդես եկել «գազային ՕՊԵԿ-ի» ստեղծմանը:

Կատարի մայրաքաղաք Դոհայում անցած միջազգային ֆորումի ժամանակ ՌԴ արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն հայտարարեց, որ Ռուսաստանը գլխավորում է բարձր մակարդակի գազի գնորոշման խումբ, ինչը կդառնա առաջին քայլը «գազային ՕՊԵԿ-ի» ստեղծման ճանապարհին: Հաջորդ ֆորումը ծրագրված է անցկացնել Մոսկվայում:

ԱՄՆ-ում նման ծրագրերը կտրուկ բացասական վերաբերմունք առաջացրեցին: Ամերիկացի կոնգրեականները նամակ են հղել պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին: Դրանում նրանք պահանջել են տեղեկացնել Ռուսաստանի կառավարությանն այն մասին, որ գազային կազմակերպության ստեղծումը դիտարկվում է որպես դիտավորյալ սպառնալիք ԱՄՆ-ին, իսկ գազային ՕՊԵԿ-ը ոչ այլ ինչ է, քան «ռեկետի եւ շորթողականության գլոբալ կազմակերպություն», հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: