2 սեպտեմբերի 2016 - 12:19 AMT
Բեսլանում զոհված երեխաների մայրերին հակապուտինյան ցույցերի համար հասարակական աշխատանքների են դատապարտել

Բեսլանի ահաբեկչության տարելիցին նվիրված միջոցառման ընթացքում բողոքի ակցիա անցկացրած զոհված երեխաների մայրերը դատապարտվել են տուգանքների ու պարտադիր հասարակական աշխատանքների:

Ինչպես հայտնում է «Նովայա գազետա»-ն, դատը շարունակվել է մինչև ուշ գիշեր: Մայրերից երեքը 20 ժամվա պարտադիր աշխատանքների են դատապարտվել, 2-ը՝ տուգանվել 20-հազարական ռուբլիով: Պարտադիր աշխատանքների է դատապարտվել ևս մեկ կին, ով ակցիային չէր մասնակցել, սակայն, դատարանի բնորոշմամբ, «գտնվում էր կանանց խմբի հետ» ու «արտահայտություններ էր թույլ տվել»

Սեպտեմբերի 1-ին Բեսլանում ահաբեկիչների կողմից դպրոցի գրավման զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառման ժամանակ զոհվածների մայրերից մի քանիսը բողոքի ակցիա էին կազմակերպել: Արարողության ժամանակ մայրերը հանել են բաճկոնները, որոնց տակ եղել են ՌԴ նախագահ Պուտինի հասցեին մեղադրական գրություններով շապիկներ: Շապիկների վրա գրված է եղել` «Պուտին` Բեսլանի դահիճ»:

Դատապարտված կանայք պատրաստվում են բողոքարկել դատավճիռները:

2004 թվականի սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները գրավել են Բեսլանի թիվ 1 դպրոցը՝ պատանդելով 1128 մարդ: Սեպտեմբերի 3-ին ուժայինները վերցրել են դպրոցը գրոհով, բոլոր ահաբեկիչները բացի մեկից սպանվել էին: Զոհվել էր 334 մարդ, 186-ը՝ երեխաներ: Ավելի քան 780 մարդ վիրավորվել էր:

Զոհվածների հարազատները պնդում են, որ զոհերի զգալի մասը սպանվել էր ուժայինների գործողությունների, մասնավորապես՝ տանկերի կիրառման հետևանքով: