2 սեպտեմբերի 2016 - 13:15 AMT
Գերմանիայի արտգործնախարար. ՌԴ-ՆԱՏՕ երկխոսությունը կոնկրետ առաջարկներից է պետք սկսել

ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ հավանություն է տալիս այն հանգամանքին, որ ՌԴ-ՆԱՏՕ խորհուրդը վերսկսել է աշխատանքը: «Ուրախ եմ, որ նաև շնորհիվ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ջանքերի ՌԴ-ՆԱՏՕ խորհուրդը կրկին աշխատում է»,-ասել է նախարարը լրագրողներին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցությունների ավարտին:

Շտայնմայերը նաև նշել է, որ երկխոսությունը պետք է սկսել «կոնկրետ առաջարկներից»: Դրան է միտված նաև սպառազինության վերահսկման շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ Շտայնմայերի նախաձեռնությունը:

ՆԱՏՕ-ի Վարշավայում կայացած գագաթնաժողովում որոշում կայացվեց դաշինքի արևելյան թևի աննախադեպ հզորացման մասին: ՆԱՏՕ-ն մտադիր է արդեն 2017-ին 4 բազմազգ գումարտակ տեղակայել Բալթիայի երկրներում և Լեհաստանում: Ավելի ուշ ՌԴ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կրկին տարաձայնություններ արձանագրեցին հարաբերություններում առկա ճգնաժամի պատճառների հարցում, սակայն քննարկեցին առաջին նախաձեռնությունը, որը կարող է մեղմել լարվածությունը` միջոցներ ձեռնարկելով Բալթիայում անվտանգության ապահովման համար: