2 սեպտեմբերի 2016 - 13:21 AMT
Երևանում նոր աղբավայր կկառուցվի. Կառավարությունը տարածք է հատկացրել

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 2-ի նիստում որոշել է Երևանի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 24.42 հա հողամասը հետ վերցնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։

Նախագիծը ներկայացնող փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշել է, որ հողամասը Երևանի համայնքին նվիրելը պայմանավորված է նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով, գրում է Tert.am-ը:

«Հավանական թյուրընկալումներից խուսափելու համար պետք է հատուկ նշեմ, որ այդ տարածքը հողային հաշվեկշռով, ճիշտ է, ընդգրկված որպես անտառային ֆոնդի հող, բայց երբևէ իր գոյության ընթացքում անտառապատ, անտառածածկ տարածք չի եղել, այն ուղղակի շարունակությունն է այսօրվա գործող քաղաքային աղբավայրի, անխնա ու անմշակ տարածք է»,- ասաց նա և նշեց, որ շահագրգիռ նախարարությունների կողմից առաջարկները քննարկվել, մշակվել և ընդունվել է:

Վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև առկա աղբավայրի տարածքների միջազգային չափորոշիչներով մեկուսացնել: Այս ամենը ներառում է հիմքերի մեկուսացում, հոսքաջրերի դրենաժային համակարգեր և համապատասխան ամբարների կառուցում:

Նախատեսվում է նաև ապահովել գազի մշտական արտադրություն և գազի այրումից ստանալ այլընտրանքային էներգիա: