2 սեպտեմբերի 2016 - 14:27 AMT
Google-ը սառեցրել է հայ ինժեների Project Ara մոդուլային սմարթֆոնի մշակումը

Google-ը սառեցրել է Project Ara մոդուլային սմարթֆոնի մշակումը, հայտնում է Reuters-ը: Ըստ պարբերականի 2 աղբյուրի, Google-ը հրաժարվել է Project Ara նախագծից` «ավելի ռացիոնալ» դարձնելով իր մոտեցումը սմարթֆոնների և սարքերի այլ ապահովման ստեղծման հարցում:

Google-ի ներկայացուցիչներն արդեն աշնանը մտադիր էին փորձանմուշների նախատիպերն ուղարկել մշակողներին, իսկ 2017-ին` թողարկել սարքի կոմերցիոն տարբերակը:

Չնայած Google-ը հրաժարվում է զարգացնել նախագիծը, ընկերությունը կարող է արտոնագիրը վաճառել այլ ընկերության և աջակցել կողքից, գրում է TJ-ն:

Project Ara-ի սառեցումը Google-ի «երկաթե» բաժանմունքի վերակառուցմանն ուղղված առաջին քայլերից է: Բաժանմունքի ղեկավարությունը ստանձնել է Ռիք Օսթերլոհը, որը նախկինում գլխավորում էր Motorola-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ընկերությունը մտադիր է հրաժարվել նաև Nexus բրենդից և կվաճառի սարքերը իր լոգոտիպով` «G»:

Օգտատերերը խանդավառությամբ էին ընդունել մոդուլային սմարթֆոնի գաղափարը. տեխնոլոգիան պետք է երկարացներ սմարթֆոնի օգտագործման ժամկետը և կրճատեր թափոնների քանակը: Սակայն, ըստ վերլուծաբանների, նման սարքերի արտադրությունը շատ թանկ կլինի, իսկ Project Ara-ն կարելի է համարել «ձախողված գիտական էքսպերիմենտ»:

9to5Google-ի հետ զրույցում Project Ara-ի հիմնադիր Դեն Մակոսկին հայտարարել էր, որ հիասթափված է այդ որոշումից: «Սա իսկական հիասթափություն է թիմերի համար, որոնք այդքան ջանք են ներդրել նախագիծը կյանքի կոչելու համար, ինչպես նաև օգտատերերի համար, որոնք սպասում էին դրան: Անձամբ ինձ վշտացրեց Google-ի վճռականության պակասը: Բայց ես հարգում եմ Օսթերլոհին, որն այն սակավաթիվ ղեկավարներից էր, որը սատարեց իմ նախագծին մեկնարկային փուլում: Հավատում եմ, որ նման որոշման համար նա ուներ հիմնավոր պատճառներ»,-ասել է նա:

Մակոսկին հավատացած է, որ մոդուլային սմարթֆոնների գաղափարը չի անհետանա և պահանջված կլինի այն մարդկանց կողմից, որոնք «չեն ցանկանում պասիվ սպառողներ լինել»:

Ինչպես նշել է 9to5Google-ը, նման սարքերն այնուամենայնիվ հասել են շուկա. խոսքը LG G5 և Moto Z-ի մասին է: Սակայն այս դեպքում հայեցակարգն ավելի մեղմ ձևով է արտահայտված` LG-ի փոխարինվող մասերը կցվում են ներքևից, իսկ Motorola-ի դեպքում` կորպուսի հետևի փականին:

Project Ara-ի համահեղինակն ու գլխավոր ինժեներն է Արա Ներսես Կնայանը, որի անունն էլ կրում է նախագիծը: Մոդուլային սմարթֆոնը թույլատրելու է փոփոխել հեռախոսի կոնֆիգուրացիան՝ կախված հաճախորդի ցանկություններից տեղադրելով ավելի հզոր մարտկոց, այլ տեսախցիկ, ավելի մեծ հիշողություն կամ հզոր բարձրախոսներ և այլն:

Մայիսին Google ընկերությունը հայտարարեց Project Ara մոդուլային սմարթֆոնի ծրագիրը ATAP լաբորատորիայից առանձնացնելու ու որպես ինքնուրույն նախագիծ զարգացնելու որոշման մասին: Մայիսի 20-ին Google-ը ցուցադրել է Project Ara-ի աշխատող տարբերակը: