27 ապրիլի 2007 - 16:33 AMT
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը կարող է գլխավորել ԼՂՀ պաշտպանության նախարարը
Հայկական բանակում կան շատ լավ եւ բանիմաց գեներալներ, որոնք կարող են գլխավորել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ մի շարք անուններ են քննարկվում: «Այդ ցուցակում կա նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի անունը: Նա եւս կարող է նշանակվել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ինչու ոչ»,- նշել է Հարությունյանը:

Նշենք, որ Միքայել Հարությունյանը մինչեւ ապրիլի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն էր եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Ներկա դրությամբ, Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնակատարն է գեներալ-մայոր Էնրիկո Ապրիամովը: