Քոչարյան. Որպես ապստամբների «Սասնա ծռեր»-ի ընկալումը դեղին քարտ է ՀՀ քաղաքական համակարգին

Քոչարյան. Որպես ապստամբների «Սասնա ծռեր»-ի ընկալումը դեղին քարտ է ՀՀ քաղաքական համակարգին

PanARMENIAN.Net - Հանրությանը արձագանքը «Սասնա ծռեր»-ի գործունեությանը՝ դեղին քարտ է երկրի քաղաքական համակարգին: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ազատության» հետ հարցազրույցում:

«Ռադիկալ դրսևորումներ կարող են լինել ցանկացած, նույնիսկ ամենաբարեկեցիկ և ժողովրդավարական երկրներում: Ամենուրեք կգտնվեն մարդիկ, ովքեր ծայրահեղությունների մեջ կտեսնեն քաղաքական և սոցիալական խնդիրների լուծման ուղին: Հարցն այն է, թե ինչպես է արձագանքում հասարակությունը ներքաղաքական խնդիրների ուժային, զինված լուծման փորձերին: Ինձ առավելապես մտահոգել է մեր հասարակության ռեակցիան տեղի ունեցածին: Չնայած զոհի առկայությանը, ընդամենը մեկ օր հետո հասարակության մեջ գերակշռող դարձավ զինված խմբի ընկալումը՝ որպես ապստամբների, որ մարտահրավեր են նետել իշխող ռեժիմին», - ասել է Քոչարյանը:

Նա նշել է, որ սա խոսում է մարդկանց տրամադրությունների, իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքի, այն ճնշման մասին, որ գործում են հասարակական գիտակցության վրա քրոնիկ դարձած քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները:

«Սա դեղին քարտ է երկրի քաղաքական համակարգին: Կրկնվեմ. ոչ թե ինքնին ոստիկանական գնդի գրավման փաստը, այլ հասարակության արձագանքը այդ գործողությանը, փողոցում ու սոցիալական ցանցերում մասսայական աջակցության արտահայտումը և կատարողների հերոսացումը», - նշել է ՀՀ առաջին նախագահը:

Նա ընդգծել է, որ այսպիսի երևույթը հնարավոր չէ արհամարել և դրա հետ պետք է ինչ-որ բան անել, հակառակ դեպքում երկիրը ապրելու է ասես վառոդի տակառի վրա:

«Պետք են արմատական ռեֆորմներ, մարդիկ պետք է քաղաքական մրցակցություն տեսնեն երկրում և փոփոխությունների հնարավորություն՝ լեգիտիմ ընտրական գործընթացի, այլ ոչ թե պետական հիմնարկներ գրավելու և պատանդներ վերցնելու միջոցով», - ասել է Քոչարյանը:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական վիճակը, նա պատասխանել է.

«Ցավոք, ոչ մի հուսադրող բան ասել չեմ կարող: Մեր վիճակագրությունն այլևս չի արտացոլում իրական տնտեսական իրավիճակը, իսկ կառավարությունը դադարել է ձևակերպել և ձևավորել տնտեսական քաղաքականությունը: Սոցիալական ցանցերն այսօր ինչպես մարդկանց տրամադրությունների, այնպես էլ երկրում ձևավորված սոցիալ-քաղաքական իրավիճակի ամենօբյեկտիվ ցուցիչն են: Արդեն մի քանի տարի է, ինչ հասարակության մեջ դիտվում է բացասական տրամադրությունների ինտենսիվ կուտակում:

Այսօր դրանք չափազանց սրվել են, ընդ որում՝ այդ տրամադրությունների ծայրահեղականացման գործընթաց է ընթանում: Դա չի կարող չանդրադառնալ ներդրումային ակտիվության, գնողական տրամադրությունների, միգրացիայի, այսինքն՝ ընդհանուր առմամբ տնտեսության վրա»:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, զոհվել է գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---