Համաժողով Ուրուգվայում. ԼՂ ժողովուրդը պետք է իրացնի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը

Համաժողով Ուրուգվայում. ԼՂ ժողովուրդը պետք է իրացնի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը

PanARMENIAN.Net - Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված համաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որում, ի թիվս այլ հարցերի, մասնակիցները հաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման օգտին աշխատելու անհրաժեշտությունը, հայտնում է Yerkir.am-ը Prensa Armenia-ի վրա հղումով:

Փաստաթղթում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրացնի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը` առանց սպառնալիքների և բռնության ենթարկվելու:

Ստորագրված փաստաթուղթը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը, և միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, ռազմական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ, որպեսզի հակամարտությունը նոր զինված բախումների չվերածվի:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորն իմանան, որ Ուրուգվայում, որը հազարավոր կիլոմետրեր հեռու է Լեռնային Ղարաբաղից, կան մարդիկ, ովքեր անտարբեր չեն այս հարցում»,- ասել է Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Դանիել Ռադիոն հռչակագիրն ընթերցելուց հետո:

Սենատոր Ռաֆայել Միքելինին, իր հերթին, հայտարարել է, որ այն, ինչ իրենք ընդունում են համաժողովի արդյունքներով, արդարության ակտ է: Իրավապաշտպան Օսկար Լոպես Գոլդարասենան ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է և ընտրել ազատ ու ինքնիշխան պետության իր մոդելը: Իսկ Ուրուգվայի ԱԳ նախարարի նախկին տեղակալ Բելելա Հերերան հույս է հայտնել, որ իրենց նախաձեռնությունը օրինակ կդառնա ողջ աշխարհի համար:

Ուրուգվայի մայրաքաղաքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով համաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին: Համաժողովին մասնակցել են օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, հասարակական ակտիվիստներ, գիտնականներ, իրավապաշտպաններ: Համաժողովի մասնակիցների նպատակն է առաջ տանել Ուրուգվայի դիրքորոշումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում:

Ապրիլին Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ռոդոլֆո Նին Նովոան հայտարարել էր, որ Ուրուգվայը ուշադիր հետևում է դեպքերի զարգացմանը, պահպանելով զգուշավոր և հավասարակշռված դիրքորոշում՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---