30 ապրիլի 2007 - 17:46 AMT
Դենիել Ֆրիդ. Կոսովոն, այսպես թե այնպես, անկախ կլինի
«Կոսովոն անկախ կլինի, նույնիսկ եթե ՄԱԿ-ը համապատասխան բանաձեւ չընդունի»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը` նշելով, որ Ռուսաստանը պետք է սատարի համաձայնագրին, պաշտպանելու համար Կոսովոյի սերբական փոքրամասնությանը

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը գտնում է, որ «վերջերս ռուսական կողմից հնչած քննադատությունը ՄԱԿ-ի միջնորդ Մարտի Ախտիսաարիի ծրագրի հասցեին Սերբիայի ապստամբած գավառի վերջնական կարգավիճակի հարցում վկայում է տվյալ բանաձեւը արգելափակելու ռուսական կողմի մտադրության մասին»: «Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը հասկանում է` Կոսովոն, այսպես թե այնպես, անկախ կլինի: Կամ դա կարվի հսկողության տակ, ինչը թույլ կտա ապահովել սերբ ժողովրդի բարգավաճումը, կամ դա տեղի կունենա առանց վերահսկման: Այդ դեպքում բոլորից շատ կտուժեն Կոսովոյի սերբերը, իսկ դա վախ է ներշնչում»,-ասել է Ֆրիդը «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում Բրյուսելի տրանսատլանտյան համաժողովում:

Ֆրիդը խոստովանել է նաեւ, որ Եվրամիությունը կարող է պառակտվել Կոսովոյի անկախության ճանաչելու հարցում, եթե ՄԱԿ-ը համապատասխան բանաձեւ չընդունի, իսկ Կոսովոյի ալբանական մեծամասնությունը միակողմանի կարգով հայտարարի անջատվելու մասին: «Ես բացարձակապես ոչ մի առավելություն չեմ տեսնում այն բանում, եթե դա տեղի ունենա առանց Անվտանգության Խորհրդի բանաձեւի: Դրանում ես ավելի շատ թերություններ եմ տեսնում,-ասել է Ֆրիդը»:-Բոլոր այլընտրանքներն ավելի վատ են: Եվրոպայի պառակտունը բացասական երեւույթ է ամեն դեպքում եւ ահավոր բան տվյալ դեպքում: Բանաձեւը օրինական լիազորություններ կտրամադրի Կոսովոյի սերբերին պաշտպանելու համար եւ թույլ կտա եվրոպացիներին միավորվել»:

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Հոլբրուկը Բրյուսելի համաժողովում հայտարարել է, որ մոտակա շաբաթները լուրջ ստուգում կլինեն աշխարհում իր դերակատարության մասին Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի հայացքները ստուգելու համար: «Եթե նա վետո դնի Ախտիսաարիի ծրագրին Անվտանգության խորհրդում, ապա Կոսովոյի անկախությունը կհռչակվի միակողմանի կարգով: ԱՄՆ-ն կճանաչի այդ անկախությունը, ես հուսով եմ, հենց նույն օրը...Մի շարք եվրոպական երկրներ նույնպես կճանաչեն այն, մյուսները կհրաժարվեն դա անել: Հավանաբար, այդ մարզում բռնություն կկատարվի, եւ դրանում մեղավոր կլինի Ռուսաստանը»,-ասել է նա:

Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը, ելույթ ունենալով այդ համաժողովում, կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ում, հավանաբար, կսկսվի Կոսովոյի շուրջ «դիվանագիտական խրամատային պատերազմի» շրջան: Նա գտնում է, որ Եվրամիությունը պետք է գլխավորի փոխզիջումային որոշում գտնելու որոնումները: Սակայն դրա համար ժամանակ կպահանջվի: Հոլբրուկի միակողմանի անջատման մասին սցենարին նա արձագանքեց այսպես. «Դա նշանակում է կրակի հետ խաղալ», գրում է Նյու Յոքր թայմսը: