2 մայիսի 2007 - 16:10 AMT
Վրաստանը պատրաստ է քննարկել ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրերն իր տարածքում տեղակայելու մասին հարցը
Վրաստանը պատրաստ է քննարկելլ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերն իր տարածքում տեղակայելու մասին հարցը: Ինչպես հայտարարել է արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին, «եթե ԱՄՆ-ն հայտարարի ՀՀՊ տարրեր տեղակայելու ցանկության մասին, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը»: Ընդ որում նա հավաստիացրել է, որ Վաշինգտոնից ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացվել, որ ֆորմալ բանակցություններ նույնպես չեն վարվում: «Սակայն եթե ԱՄՆ-ն դիմի մեր օգնությանը, մենք բանակցություններ կսկսենք Վաշինգտոնի հետ»,-հավելել է Գ.Բեժուաշվիլին, հաղորդում է «The Financial Times»-ը:

Հիշեցնենք, որ մարտի սկզբին ելույթ ունենալով Բրյուսելում` ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգն ասել էր, որ Պենտագոնը ցանկանում է հակահրթիռային պաշտպանության ռադար տեղակայել Կովկասի երկրներից մեկում: Ընդ որում, Հենրի Օբերինգը չէր ճշտել, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ-ից նման խնդրանք չեն ստացել:

Ավելի ուշ Օբերինգը ասել էր, որ «նրանք չեն դիմել Կովկասի երկրներից որեւէ մեկին ռադիոտեղորոշիչ տեղակայելու առաջարկով»: Նրա խոսքերով, պաշտպանությունը ուժեղացնելու, Իրանի հնարավոր վտանգից պաշտպանվելու համար ուսումնասիրել են Իրանից դեպի Եվրոպա ու դեպի ԱՄՆ հրթիռային հարվածների հնարավոր ուղեգծերը ու գտել, որ հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու հարմար երկրները Չեխիան ու Lեհաստանն են: «Բացի Չեխիայից ու Lեհաստանից, այլ երկրների մենք չենք դիմել հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու խնդրանքով», - վստահեցրել է Օբերինգը: