9 սեպտեմբերի 2016 - 12:48 AMT
ՆԱՏՕ-ն հզորացրել է իր ներկայությունը Թուրքիայում ՌՕՈւ և ՀՕՊ մասով

ՆԱՏՕ-ն հզորացրել է իր ներկայությունը Թուրքիայում: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը, որն այցով գտնվում է Թուրքիայում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա նշել է, որ ավելացրել է ներկայությունն այդ երկրում ՌՕՈւ և ՀՕՊ մասով:

Ըստ նրա, հեղաշրջման փորձը չի անդրադառնա ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամության վրա: «Թուրքիան մեզ համար շատ կարևոր դաշնակից է, հատկապես Մերձավոր Արևելքում: Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի գործողություններին: Նրա բանակը հեղաշրջման փորձից հետո, հավանաբար, որոշակի դժվարություններ կունենա, սակայն Թուրքիան շարունակում է կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակում»,-ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման առնչությամբ:

«Ուրախ եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կարգավորվում են: Ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո մեր գործընկերներից շատերը մասնակցել են Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վերականգնմանը: Լարվածությունը նահանջում է, դա լավ է Թուրքիայի համար և դաշնակիցների համար: Անվտանգության ապահովման հետ կապված բարդությունները տարածաշրջանում պահպանվում են: Սակայն, դա կարևոր ու դրական քայլ է, մեր բանակցությունները, ինչպես նաև երկխոսությունը Թուրքիայի ու ՌԴ հետ շարունակվում են»,-ասել է Ստոլտենբերգը NTV ալիքի եթերում:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թբիլիսիում ընթացող «Եվրոպայի փոփոխական աշխարհառազմավարական լանդշաֆտը» խորագրով խորհրադաժողովում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ բացառապես քաղաքական երկխոսություն է վարում` այլ ուղղություններ համագործակցության համար չկան: