Դանիել Դեքերը հանդես կգա Հայաստանի ազգային նվագարանների նվագախմբի հետ

Դանիել Դեքերը հանդես կգա Հայաստանի ազգային նվագարանների նվագախմբի հետ

PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերը (Դեքերյան) Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ հանդես կգա համերգով: Երգչի և նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Դեքերյանի երևանյան համերգը կազմակերպել է Mezzo Production-ը:

Միջոցառման գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը:

Դանիել Դեքերը ծնվել է Պուերտո Ռիկոյում, մեծացել` Նյու Յորքում: 2002-ին նա Սարդարապատում մասնակցել Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին, գրել և կատարել է Գևորգյանի «Ադանա» երգի անգլերեն բառերը, ինչպես նաև համերգներով շրջագայել ՀՀ վաստակավոր արտիստի հետ: Հայաստանին սիրահարված երաժիշտն անգամ իր փաստաթղթերում փոխել է ազգանունը` դառնալով Դեքերյան:

«Երբ համագործակցում էի Արա Գևորգյանի հետ, լսեցի նրա «Մուշ» ստեղծագործությունն ու պարզապես սիրահարվեցի հայկական երաժշտությանը: Մեր գործակցությունն արդեն քանի տարի շարունակվում է, նա իմ լավ եղբայրն ու ընկերն է»,- մի առիթով ասել է Դեքերյանը, գրում է Yerkir.am-ը:

2005-ին Դանիել Դեքերյանը Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրվել է Երևան՝ երգելու «Ադանա»-ն Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ։ 2010-ին թողարկել է «Ես հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, որում ընդգրկված է 13 երգ՝ «Կիլիկիա», «Դլե Յաման», «Մարտիկի երգը», «Սիրո գիշեր», «Աղջկա երգը», «Հայոց աշխարհ», «Ադանա» երգի անգլերեն տարբերակը և այլն։ Զուգերգեր է կատարել երգչուհիներ Լեյլա Սարիբեկյանի, Քրիստինե Պեպելյանի, Շուշան Պետրոսյանի, Աննա Խաչատրյանի հետ։

Նույն թվականին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Դեքերյանի համերգը: ՀՀ քաղաքացիություն և հայկական անձնագիր ունեցող երգիչն Ապրիլյան օրերին մեր երկրում էր` ծանր ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի կողքին գտնվելու նպատակով:

«Ինչպես և անժխտելի է Հայոց ցեղասպանության փաստը, այնպես էլ անժխտելի է Արցախի՝ հայկական հող լինելը»,- այս տարի Հայաստանում նշել է Դեքերյանը` վստահեցնելով, որ Հայաստանն իր կյանքում մեծ տեղ ունի և իր առաջիկա ծրագրերը կապված են հենց մեր երկրի հետ:

Դանիել Դեքերյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգին ելույթ կունենան նաև հատուկ հյուրեր՝ ճանաչված թուրքահայ երգչուհի Սիբիլը, ժողովրդական երգի վառ ներկայացուցիչ ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը, The Beautified Project ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, երիտասարդ երգչուհի, The Band խմբի համահիմնադիր Կարինա Առուստամյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---