Հայ-վրացական կրթական գործակցության նոր ուղիներ կմշակվեն

Հայ-վրացական կրթական գործակցության նոր ուղիներ կմշակվեն

PanARMENIAN.Net - Հայ-վրացական կրթական գործակցության նոր ուղիներ կմշակվեն: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ հանդիպմանը: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում բարեկամ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն:

«Վրաստանի հետ մեր բարեկամական հարաբերությունները ոչ միայն աշխարհագրական դիրքով է պայմանավորված, այլ դարերի ընթացքում մեր երկու ժողովուրդների համատեղ պատմական ընթացքով, որն իր արտացոլում է գտել նաև կրթության ոլորտում»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարը հարևան Վրաստանի հետ հարաբերություններում կարևորել է ընդհանուր կրթական տարածքում գործունեության ակտիվացումն ու հույս հայտնել, որ առաջիկայում նոր ուղիներ կմշակվեն համատեղ ծրագրեր իրականցնելու համար:

Դեսպան Գիորգի Սագանելիձեն իր հերթին կարևորել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը:

Կրթության համակարգում երկու երկրների հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի պաշտոնական այցը Վրաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև այդ այցի հետ կապված կազմակերպչական հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վրաստանում գործող հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստմանը, տեղեկատվության փոխանակմանը, միջբուհական համագործակցությանը, դասագրքերին, օտար լեզուների խորացված ուսուցման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող հարցերին, հայտնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

2015-ի դրությամբ Վրաստանի տարածքում գործում է հայալեզու 131 ուսումնական հաստատություն` դպրոցներ և բաժիններ: Վրաստանի հայալեզու դպրոցներում սովորող աշակերտների քանակը կազմում է 13.912 աշակերտ:

Թբիլիսիի Մետրոմշենի բնակավայրում հայ-վրացական դպրոց կբացվի՝ նախատեսված 1000 աշակերտի համար: Նախագծի արժեքը մոտ 5.5 մլն լարի է։ Շինաշխատանքները սկսվել են 2015-ին և կավարտվեն 2016-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---