3 մայիսի 2007 - 14:49 AMT
Կոսովոյի սերբերը գտնում են, որ անկախությունն իրավիճակից ելք գտնելու միջոց չէ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաքելության ղեկավար, ՄԱԿ-ում Բելգիայի մշտական ներկայացուցիչ Յոհան Վերբեկեն զեկուցեց Խորհրդի լրիվ կազմին Բալկաններ կատարած այցի արդյունքների մասին: Նրա խոսքերով, Խորհրդի պատվիրակության այցը Բելգրադ եւ Պրիշտինա հաջող է եղել: Հաջողվել է ամբողջական պատկերացում ստեղծել Կոսովոյի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացման վերաբերյալ եւ անմիջական տեղեկատվություն ստանալ առաջին ձեռքերից համայնքների կողմից իրենց ապագայի մասին:

Վերբեկեն հիշեցրել է, որ պատվիրակությունն այցելել է տարածաշրջան Ռուսաստանի նախաձեռնությամբ դիտարկելու համար ԱԽ 1244 բանաձեւի եւ ԱԽ կողմից հաստատված «Չափանիշներ Կոսովոյի համար» ծրագրի կատարումը: Այդ չափանիշները նախատեսում են ժողովրդավարական ինստիտուտների գործունեություն, օրենքի գերակայություն, տեղաշարժի ազատություն, փախստականների վերադարձ եւ վերաինտեգրում, տնտեսության զարգացում, ունեցվածքային իրավունքների պաշտպանություն եւ երկխոսություն Բելգրադի հետ:

Բելգիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Կոսովոյում ստեղծվել եւ հաջողությամբ աշխատում են իշխանության ժամանակավոր ինստիտուտներ եւ այլ վարչական մարմիններ, սակայն մարզը առայժմ գտնվում է հետբախումնային վերականգնման շրջանում: Ըստ նրա, Կոսովոյի ալբանացիները եւ սերբերը դեռեւս տարանջատվում են իրարից եւ միասնական ազգամիջյան հանրություն դեռեւս չի ստեղծվել: Բելգիայի դեսպանը հաղորդել է, որ Խորհրդի անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել Սերբիայի եւ Կոսովոյի, ինչպես սերբական, այնպես էլ ալբանական համայնքների եւ ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Նրանք եղել են հարավային եւ հյուսիսային Միտրովիցեում: Հանդիպել են նաեւ Բրյուսելում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչների եւ Վիեննայում Գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Մարտի Ախտիսաարիի հետ:

Ըստ Վերբեկեի, Բելգրադում Սերբիայի ղեկավարները հանդիպումների ժամանակ նշել են, որ կտրականապես դեմ են Կոսովոյին որեւէ անկախության տրամադրմանը եւ կրկին հաստատել են իրենց պատրաստակամությունը մարզին լայն ինքնավարություն տրամադրելու մասին: Սերբիան պնդում է, որ պետք է վերսկսել բանակցությունները: Նրա ղեկավարները գտնում են, որ Կոսովոյում չեն կատարվում միջազգային չափանիշները եւ 1244 բանաձեւի պահանջները: Առանձնակի ուշադրություն են հրավիրել նրանք Կոսովոյի սերբերի փոքր քանակին, որոնք վերադարձել են մարզ:

Պատվիրակության ղեկավարը հաղորդել է, որ Կոսովոյի ալբանացիներն ընդհանուր առմամբ լիովին կողմ են Ախտիսաարիի ծրագրին: Նրանք կոչ են անում շուտափույթ լուծել իրենց ճակատագիրը: Նա հավելել է, որ Կոսովոյի սերբերի դիրքորոշումն այլ է: Այդ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նրանք հայտարարել են, որ անկախությունը իրավիճակից ելք գտնելու միջոց չէ, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: