ՖԻՖԱ-ն կոռուպցիայի մասին գործ է հարուցել Բլատերի դեմ

ՖԻՖԱ-ն կոռուպցիայի մասին գործ է հարուցել Բլատերի դեմ

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) էթիկայի քննչական պալատը կոռուպցիայի մասին գործ է հարուցել կազմակերպության նախկին ղեկավար Յոզեֆ Բլատերի, ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի և նախկին ֆինանսական տնօրեն Մարկուս Քաթների դեմ:

Նրանց կասկածում են ՖԻՖԱ-ի էթիկայի կանոնները խախտելու մեջ` կոռուպցիայի և կաշառակերության, վարքագծի կանոնների խախտման, շահերի բախման, նվերներ ստանալու կամ հանձնելու և այլ արտոնությունների համար:

Բացի այդ, պալատը կհետաքննի Քաթների կողմից գաղտնիության մասին կետի հնարավոր խախտումը:

Սակայն պալատը մտադիր չէ մանրամասնել քննության ընթացքը, քանի դեռ անձանց մեղքն ապացուցված չէ: Մայիսի 27-ի առավոտյան Ցյուրիխում ձերբակալվեցին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Բոլոր ձերբակալվածներին կասկածում են կոռուպցիայի մեջ, նրանք կարտահանձնվեն ԱՄՆ հետաքննության համար: Ավելի ուշ ձերբակալվածների թիվը հասավ 9-ի:

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) 3 տարի շարունակ զբաղվել է ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործով: Բլատերին կասկածում են 2011-ին ապօրինաբար 2 մլն շվեյցարական ֆրանկ Պլատինիին փոխանցելու մեջ` իբր 1999-2002-ին կատարած աշխատանքի դիմաց:Բլատերը շվեյցարական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «շոկի մեջ է» ԱՄՆ մեղադրանքներից:

2015-ի աշնանը ՖԻՖԱ-ին հայտնի դարձավ, որ Վալկեն կարող է առնչություն ունենալ Բրազիլիայի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ուռճացված գներով տոմսերի իրացմանը: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները կասկածում են, որ 2008-ին Վալկեն կարող էր 10 մլն դոլար փոխանցել կազմակերպության հաշիվներից ՖԻՖԱ նախկին փոխնախագահ Ջեկ Ուորների հաշվեհամարին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---