Փաշինյան. Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն

Փաշինյան. Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքին կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը մոտ 1 ժամ տևողությամբ ելույթ է ունեցել՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, տարիների ընթացքում կուտակված խնդիրներին, ինչպես նաև՝ առաջարկելով լուծման սեփական տարբերակները:

Ներկայացնում ենք Փաշինյանի ծրագրային ելույթի առանցքային հատվածները.

«Սասնա ծռեր» խումբն իր հուսահատ և վիճելի քայլով ազդարարեց Հայաստանում հաստատված վստահության ճգնաժամի ծայրահեղ բնույթը: Մենք շարունակում ենք վերապրել Խորենացի փողոցի ամառային օրերը, բայց հիմա աշուն է, և ունենք այն, ինչ ունենք. Սերժ Սարգսյանը ոչ միայն շարունակում է մնալ Բաղրամյան 26-ում, այլև նրա եղբայր Լևոնը Գյումրիի ավագանու որոշմամբ հռչակվել է հանրապետության երկրորդ քաղաքի պատվավոր քաղաքացի: Մինչդեռ տրամաբանական կլիներ, որ Սարգսյան եղբայրներից առնվազն Սերժն ու Սաշիկը Հայաստանի տարածքում ոչ թե ստանային, այլ զրկվեին քաղաքացիությունից:

Հայաստանի այսօրվա վիճակի թիվ 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որովհետև վերջին 23 տարում նա մշտապես եղել է Հայաստանում որոշումներ կայացնող իշխանական «էլիտար պոլիտբյուրոյի» անդամ: Այդ պոլիտբյուրոն սկզբում բաղկացած էր հինգ հոգուց, հետո դարձավ եռյակ, հետո զույգ, դրա կազմը անընդհատ փոփոխվել է, բայց Սերժ Սարգսյանը Հայաստանի ճակատագիրը որոշած իշխանական թոփ վերնախավի միակ անփոփոխ անդամն է՝ սկսած 1993 թվականից, երբ նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարար: Իսկ 2008 թվականից իշխանության միակ իրական կրողն է: Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանը ուղիղ առնչություն ունի Հայաստանը բնականոն զարգացման հունից դուրս նետած առանց բացառության բոլոր ցնցումների հետ:

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ԼՂՀ-ն պաշտանական տվյալներով 800 հեկտար տարածք կորցրեց, Սերժ Սարգսյանն արդեն 8 տարի Հայաստանի Զինված ուժերի դե ֆակտո գերագույն գլխավոր հրամանատարն է, դրանից առաջ 7 տարի, 2000-ից 2007 թվականներին, եղել էր պաշտպանության նախարար: Վերջերս, ի դեպ, հաճախ է քննարկվում հարցը, թե Սերժ Սարգսյանը հող հանձնող է, թե՝ ոչ: Կներեք, բայց հող հանձնելը պոզով-պոչո՞վ է լինում: Եթե երկար տարիներ առաջնագծի կենսական պահանջները ոչ միայն չեն լուծվում, այլև բացահայտորեն արհամարհվում են, դա հանուն ինչի՞ է արվում, եթե ոչ հող հանձնելու:

Երբ 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցավ ցուցարարների և լրագրողների ուղղորդված ջարդ, Սերժ Սարգսյանը Հայաստանի դե ֆակտո ղեկավարն էր: Երկար տարիներ նրա վարչախմբի թույլ տված ապօրինությունները, կոռուպցիան, քաղաքական հետապնդումներն էին, որ հանգեցրին Ոստիկանության Պարեկապահակային գնդի շուրջ ողբերգական իրադարձությունների ծավալմանը և անձամբ Սերժ Սարգսյանն է տեղի ունեցածի թիվ 1 պատասխանատուն:

Հետեւաբար, մեր քաղաքական գործունեության գաղափարական հիմքը ոչ թե ընտրություններն են կամ թավշյա հեղափոխությունը, այլ ժողովրդի կամարտահայտությունը: Ընտրությունները մեզ հետաքրքրում են միայն ու միայն որպես ժողովրդի կամքի արտահայտման հնարավորություն, որովհետեւ միայն ժողովրդի տեսանելի, ստուգելի եւ չափելի կամքն է, որ պետք է որոշի, թե ինչ պետք է անենք մենք՝ գնանք Բաղրամյան 26-ը Սերժ Սարգսյանից ազատելու՞, թե պետք է գնանք տներով, սպասելով ժողովրդի կամարտահայտման հաջորդ պատեհ առիթին՝ աշխատելով ամեն ինչ անել, որ այդ հերթական կամարտահայտումը լինի մեր քաղաքական պատկերացումներին համապատասխան:

Մենք ասել ենք և ասում ենք՝ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն: Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու ենք այդքան կարևորում 1 ընդդիմության գաղափարը և այս համատեքստում քննադատում իրենց ընդդիմություն հռչակած շատերին:

Այդպես ենք վարվում, որովհետեւ համոզված ենք՝ Հայաստանում իշխանության հարցը չի լուծվելու, քանի դեռ չի լուծվել ընդդիմության հարցը: Ընդդիմությունը իշխանափոխություն իրականացնելու գործիքն է, եւ եթե այդ գործիքը խափանված է, իշխանափոխության մասին խոսակցությունները հավերժ մնալու են խոսակցություն: Եթե ընդդիմությունը մեկը չէ, ուրեմն՝ իշխանափոխության հույսերը սին են, որովհետեւ իշխանությունը մեկն է եւ կոնկրետ, նրա դեմ կռիվ կարող է տալ այն ընդդիմությունը, որ նույնքան կոնկրետ է, նույնքան ինստիտուցիոնալ եւ նույնքան մոբիլ:

Մեկ ընդդիմության ձեւավորման անհրաժեշտությունը Հայաստանի քաղաքական կյանքում ներկա է եղել միշտ, պարզապես այն ձեւակերպվել է որպես ընդդիմության միավորման՝ հայաստանյան պայմաններում հակաքաղաքագիտական խնդիր:

Ինչու՞ է այս խնդիրը հակաքաղաքագիտական. մի պարզ պատճառով. ինչքան էլ դու համախմբես ընդդիմադիր դաշտը, իշխանությունը կբուծի նոր ընդդիմադիրներ եւ ընդդիմության համախմբման խնդիրը գործնականում կլինի անլուծելի: Կամ համախմբումների մեջ անպայմանորեն կսողոսկեն ուժեր, որոնց միակ խնդիրն ու նպատակը պրոցեսը ձախողելը կլինի:

Հետեւաբար, ժողովուրդը պետք է ոչ թե ընդդիմադիրներին համախմբելու խնդիր դնի, այլ որոշի, թե ո՞վ է այն մեկ ընդդիմությունը, որի հետ ինքը կապում է իշխանափոխության հույսեր, եւ պատրաստ է նրան իշխանափոխություն իրականացնելու մանդատ տալ: Ուզում եմ մեկընդմիշտ պարզաբանել. «Քաղաքացիական պայմանագիրը», այո, հավակնում է մեկ ընդդիմության կարգավիճակին: Բայց ժողովուրդը, միայն ժողովուրդը պետք է որոշի, թե ու՞մ է համարում մեկ ընդդիմություն:

Մեզ համար դժվար պատկերացնելի է քաղաքական գործակցությունը այնպիսի սուբյեկտների հետ, որոնք ուղիղ կապ ունեն Սերժ Սարգսյանի ապօրինի վարչակազմի ծագումնաբանության հետ:

Ընդհանրապես անհասկանալի է, որ այնպիսի սուբյեկտներ, ինչպես ՕԵԿ-ն ու Արթուր Բաղդասարյանը, Հովիկ Աբրահամյանի հավատարիմ հենարան ԲՀԿ-ն, Վարդան Օսկանյանը, որոնք Սերժ Սարգսյանին իշխանության բերած գլխավոր գործող անձանցից են, այսօր Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեության հայտ կարող են ներկայացնել: Մեր դիրքորոշումը այս սուբյեկտների վերաբերյալ միանշանակ է. նրանք Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չպետք է ունենան:

Մենք նրանց համարում ենք նույնպիսի չարիք, ինչպիսին Սերժ Սարգսյանին, եւ ոչ միայն Հովիկ Աբրահամյանին ու Սամվել Ալեքսանյանին ենք համարում Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեության մետաստազ, այլեւ մուրաբայի եւ տուկի թելի դիմաց կամ անողնաշարության բերումով Հայաստանի պետականությունը Հյուսիսում եւ Արեւմուտքում վաճառքի հանած՝ թոշակառու, արձակուրդ վերցրած, գործող եւ նորակոչիկ հաճախորդներին:

Դուք արդեն լսեցիք, այստեղ ընթերցվեց որոշումը, որով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը ինձ առաջադրել է վարչապետի թեկնածու եւ լիազորել սկսել ստվերային կառավարության ձեւավորումը: Ստվերային կառավարություն բառից պետք չէ շփոթվել. խոսքն այն մասին է, որ մենք հանրությանը պետք է ներկայացնենք անձանց, որոնք կստանձնեն նախարարական աշխատանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում: Մեխանիզմը հետեւյալն է. որպես վարչապետի թեկնածու պետք է բանակցեմ կոնկրետ անձանց հետ, նրանց առաջարկելով ընդգրկվել ստվերային կառավարության կազմում եւ այդ անձանց մի մասը կարող է եւ չլինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

Հիմա հարց կարող է ծագել. ինչու՞ ենք մենք դիմում Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող նման փորձի: Պատասխանը նույնն է. Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ ժողովրդական կամարտահայտում ապահովելու համար: Ապագա իշխանության մասին առավելագույն կոնկրետ պատկերացում ունենալ-չունենալը վճռական գործոն է գործող իշխանությանը հեռացնելու համար:

Հարկ եմ համարում այսօր արդեն արձանագրել մի քանի կետ, որ սկզբունքային են ապագայի մասին մեր պատկերացումների համար. մենք Հայաստանը տեսնում ենք որպես բարձր տեխնոլոգիական ինդուստրիալ երկիր, որի տնտեսության հենասյուներից մեկը ռազմարդյունաբերական համալիրն է, որը երկրի անվտանգության կարիքների ապահովման ավելի ու ավելի մեծ չափաքանակ է վերցնում իր վրա: Հիմա ակնհայտ է, որ մոտակա ապագայում Հայաստանը պետք է ի վիճակի լինի արտադրել հարվածային եւ հետախուզական անօդաչու սարքեր եւ վերգետնյա հրաձգային հեռակառավարվող եւ ինքնակառավարվող սարքեր, որոնք ամենավտանգավոր հատվածներում կկարողանան կրակային գործառույթներ իրականացնել եւ խնայել մեր զինվորների կյանքերը. սա մեր երկրի անվտանգության մարտահրավերներից բխող անհրաժեշտություն է:

Մեզ համար հաջորդ կարեւորագույն խնդիրը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, որ ինչպես հայտնի է՝ հատել է հինգ միլիարդ դոլարի սահմանագիծը, եւ 2020 թվականին արտաքին պետական պարտքի սպասարկման համար Հայաստանը պետք է ծախսի 1 միլիադ դոլար: Այսինքն՝ 1 միլիարդ դոլար պետք է ետ վճարի նախկինում վերցրած պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն, ըստ այդմ, համարում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը պետք է աուդիտի ենթարկվի եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա ապացույցներ եւ փաստեր այն մասին, թե որքանով է այդ պարտքը արդյունավետ օգտագործվել: Ընդ որում՝ այս աուդիտի արդյունքում պարզաբանման ենթակա կարեւորագույն հարցերից մեկը հետեւյալն է. ինչքանով են մսխվել միջազգային կազմակերպություններից վերցված վարկերը, եւ որքանո՞վ են վարկատու կազմակերպությունները վարկը տալու կամ դրանք ծախսելու ընթացքում տեղյակ եղել կոռուպցիոն ռիսկերի մասին, որքանո՞վ են ներգրավված եղել կոռուպցիոն համակարգի մեջ: Եթե վերջին հանգամանքն ապացուցող փաստեր ի հայտ գան, շատ հստակորեն Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի եւ բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջության վերակառուցեն ՀՀ արտաքին պետական պարտքը: Բայց սա ամենը չէ. մենք պետք է ամեն ինչ անենք օֆշորային գոտիներում կուտակված հայաստանյան ծագմամբ ապօրինի փողերը հայտնաբերելու եւ դրանք Հայաստան վերադարձնելու համար:

Հաջորդ կարեւոր դրույթը, որ ցանկանում եմ ընդգծել. մենք հայտարարում ենք, որ իշխանական լծակների տիրապետելու դեպքում տարեկան մինչեւ 58 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բոլոր ընկերություններին (նկատի ունեմ՝ գործող եւ նոր հիմնարվող) երեք տարով ազատելու ենք բոլոր տեսակի հարկերից եւ լրջորեն քննարկելու ենք գոտիական հարկային քաղաքականություն որդեգրելու հարցը:

Ինչ վերաբերվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող Ղարաբաղի հարցին, մենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չենք բանակցի՝ եթե գործընթացից բացակա է Արցախի հանրապետության ներկայացուցիչը: Այս իմաստով խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության որեւէ բանագնացի՝ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի բացակայության պայմաններում:

Մեզ հաճախ մատուցում են, թե Հայաստանը նույնիսկ առանց Ղարաբաղի մասնակցության պետք է բանակցի Ադրբեջանի հետ, որովհետեւ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Իրականում, սակայն, պատերազմները սկսվում են ոչ թե բանակցային գործընթացի բացակայության, այլ ռազմական հավասարակշռության խախտման հետեւանքով: Խաղաղության երաշխավորը ոչ թե բանակցություններն են, այլ ուժեղ հասարակությունը, որ կանգնած է մարտունակության ժամանակակից պահանջներին բավարարող բանակի թիկունքին: Բանակցությունները խաղաղության երաշխիք համարողները պարզապես ուշադրություն են շեղում այն փաստից, որ իրենք ձախողել եւ շարունակում են ձախողել խաղաղության ներքին, ներհայաստանյան երաշխիքների ձեւավորման գործընթացը:

Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել: Ու եթե ապրելու, մեր պատմական ճակատագրի կրկնվող ցիկլը հաղթահարելու կամք ունենք, ուրեմն պիտի չվախենանք հայտարարել. Աղդամը մեր հայրենիքն է: Իսկ եթե չունենք այդ կամքը Երեւանի ադրբեջանական լինելու մասին Բաքվի հայտարարություններին պիտի պատասխանենք փոխզիջման պատրաստակամության մասին թուլամորթ ձեւակերպումներով, ինչպես վարվում են Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը եւ նրանց սատարող ձեզ հայտնի ուժեր:

Պաշտոնական Բաքվի հոխորտալից հայտարարութուններին մեր պատասխանը պետք է լինի Մեծ հայրենադարձությունը, Հայաստանի բնակչության թվի հարաճուն մեծացումը, բանակի, տնտեսության եւ ռազմարդյունաբերական համալիրի հզորացումը, Հայ ժողովդրդի համախմբումը Հայաստանի եւ Ղարաբաղի հզորացման օրակարգի շուրջ: Ի

Մեր քաղաքական մարտավարությունն ու ռազմավարությունն է. պայքարել օրենքի եւ իրավունքի շրջանակներում, եւ ցուցաբերել 0 ֆիզիկական ագրեսիվություն: Մեր պատկերացրած իշխանափոխության արդյունքում վենդետաներ չեն լինելու, կախաղաններ չեն լինելու, վհուկների որս չի լինելու, քաղբանտարկյալներ չեն լինելու:

Մեր պատկերացրած իշխանափոխության արդյունքում լինելու է օրինականություն, բայց ուզում եմ էլի կրկնել. բացառում եմ, որ որեւէ պաշտոնյայի, օլիգարխի ընտանիքի անդամ հետապնդվի միայն այն պատճառով, որ տվյալ պաշտոնյայի կամ օլիգարխի ընտանիքի անդամ է: Սա չի նշանակում, թե որեւէ մեկի կատարած հանցանքի նկատմամբ աչք է փակվելու, սա նշանակում է, որ կախաղաններ եւ գիլյոտիններ չեն գործարկվելու: Լինելու է լուրջ, մեծ, կարեւոր խոսակցություն, որտեղ ամեն մեկը խոսելու, պարզաբանելու, բացատրելու հնարավորություն է ունենալու: Այն ինչ հնարավոր է վերականգնել, փոխհատուցել՝ պիտի փոխհատուցվի, պիտի վերականգվնի: Այն ինչ հնարավոր չէ փոխհատուցել, հնարավոր չէ վերականգնել, ուրեմն պետք է պատժվի խստագույնս, օրենքով նախատեսված խստագույն, բայց միեւնույն ժամանակ քաղաքակիրթ ձեւերով: Սա է մեր համոզմունքն ու հավատամքը:

Հոկտեմբերի 2-ին Հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունենալիք ընտրություններում դուք հնարավորություն ունեք քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այսինքն իշխանափոխության օգտին:

Կապան քաղաքում հնարավորություն ունեք քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների օգտին, Արարատի մազի Նոր Կյանք գյուղում, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում հնարավորություն ունեք քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած գյուղապետի թեկնածուների օգտին:

Այդ ընտրությունը կատարելով դուք կփոխեք քաղաքական իրավիճակը, դուք դուռ կբացեք փոփոխությունների համար, դուք կդնեք մեկնարկը մի գործընթացի, որ անխուսափելիորեն կբերի Սերժ Սարգսյանի հեռացման:

Արեք ձեր ընտրությունը, կայացրեք ձեր որոշումը, տվեք մեզ իշխանափոխություն իրականացնելու մանդատ եւ մենք ձեզ կտանք իշխանափոխություն: Մենք չենք կարող եւ չենք որոշի ձեր փոխարեն, մեր իրականություն կդարձնենք, կյանքի կկոչենք ձեր կայացրած ցանկացած որոշում:

Նոր դեմքեր, նոր երկիր, նոր կյանք. սա է փոփոխությունների մեր բանաձեւը, եւ դուք ունեք ընտրություն: Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու՛ ես:

Աջակցեք մեզ` դարձեք 6000 վաստահված անձանցից մեկը, դարձեք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ձեր ձայնը տվեք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ նրա առաջադրած թեկնածուներին, քվեարկեք հանուն ապագայի, գործեք հանուն ապագահի, եւ հաղթանակը կլինի անխուսափելի»:

Կարդացեք նաև՝ՔՊ-ն Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---