Հայկական ընկերությունները մասնակցում են WorldFood Moscow ցուցահանդեսին

Հայկական ընկերությունները մասնակցում են WorldFood Moscow ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայկական 19 ընկերություն սեպտեմբերի 12-15-ը Մոսկվայում մասնակցում է WorldFood Moscow 2016 միջազգային 25-րդ ցուցահանդեսին։

Այն սննդարդյունաբերության ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որի հիմնական այցելուներն առևտրային դիստրիբյուտորներ, ներմուծողներ, ոլորտի միջին ու խոշոր գնորդներ են, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը:

Հայկական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացնում են սեփական արտադրության՝ հայկական սննդարդյունաբերության հիմնական արտադրատեսակները. մրգային և բանջարեղենային պահածոներ, սառեցված մրգեր և բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, թռչնամթերք և թռչնամսի կիսաֆաբրիկատներ, մսի և ձկան պահածոներ, ապխտած ձուկ, մարինացված խեցգետին, մեղր, ընդեղեն, թեյի, չրի տեսականի և այլն:

«Ցուցահանդեսին ներկայացված է բավականին մրցունակ հայկական արտադրանք, որոնց շարքում այցելու մեծածախ գնորդ կազմակերպություններն ու առևտրային ցանցերի ներկայացուցիչները կարող են որակյալ արտադրանք գտնել՝ հայկական ընկերությունների հետ համագործակցություն սկսելով կամ ընդլայնելով այն»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

2016-ին ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 1600 կազմակերպություն՝ ավելի քան 60 երկրից, իսկ այցելուների թիվն, ակնկալվում է, որ կանցնի 30 000-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---