Երևանյան փառատոնը մոտ 30 հայտնի երաժիշտ կհյուրընկալի

Երևանյան փառատոնը մոտ 30 հայտնի երաժիշտ կհյուրընկալի

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով կբացվի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2016-2017թթ. համերգաշրջանը:

«Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ հանրահայտ մենակատարներ են ժամանում Հայաստան, ովքեր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տալիս են կամերային համերգներ, բոլորը ունենում են վարպետության դասեր հայ պատանի երաժիշտների համար»,- հաղորդել է ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:

Ըստ գլխավոր դիրիժորի՝ այս տարի հաջողվել է փառատոնում ներգրավել նաև հանրահայտ դիրիժորների՝ Զինայսկուն և Կարաբիին, ինչն անցած տարիներին գրեթե անհնարին էր թվում, գրում է Ա1+-ը:

Ամբողջ փառատոնի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգան մոտ 30 հայտնի հրավիրյալ և հայաստանցի երաժիշտներ, որոնց շարքում են ջութակահարներ ճապոնացի Դայշին Կաշիմոտոն, գերմանացի Յան Ֆոգլերը և ֆրանսիացի Ֆիլիպ Կասարը:

Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ը կայանալիք փառատոնը ներառելու է 10 սիմֆոնիկ և 3 կամերային համերգ, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մենահամերգը: Բացման արարողությունը հիշարժան կդարձնի գերմանացի հանրաճանաչ ջութակահարուհի Վիվիան Հագները՝ իր Դվորժակի Ջութակի կոնցերտի ներկայացմամբ: Իսկ Վերդիի Ռիգոլետտո օպերայի համերգային կատարմամբ էլ կամփոփվի փառատոնը:

Ավանդույթի համաձայն՝ տեղի կունենան նաև հայ կոմպոզիտորների հոբելյաններին նվիրված համերգներ . սեպտեմբերի 28-ի համերգով կնշվի Լևոն Չաուշյանի 75 -ամյակը, իսկ հոկտեմբերի 25ին՝ Առնո Բաբաջանյանի 90 -ամյակը:

ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացող փառատոնն իրականացվում է ՀՀ Մշակութի նախարարٳթյան աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---