14 սեպտեմբերի 2016 - 12:22 AMT
Հայերենի «Մեղու» մրցույթը մեկնարկել է. ՀՀ և Արցախի մոտ 1250 դպրոց է հրավիրվել

Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: 2016-ին մրցույթի եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:

Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի ավելի քան 1250 դպրոցին: Աշակերտների մասնակցության վճարը կատարելու և դպրոցի ցուցակում գրանցվելու վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է, իսկ դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 7-ը:

«Մեղու» հայերենի մրցույթը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Մրցույթը 2014-ից ամեն տարի անցկացվում է Հայաստանի ու Արցախի դպրոցներում։

Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզու առարկայի հանդեպ, այն առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար, նորովի մատուցել հայոց լեզուն՝ ցույց տալով նրա ողջ հմայքն ու գեղեցկությունը, զարգացնել երեխաների լեզվամտածողական և լեզվագիտական ունակությունները:

2015թ.-ին «Մեղու»-ին մասնակցել են ընդհանուր թվով 41.606 դպրոցական հանրապետության բոլոր մարզերի և Արցախի 1001 դպրոցից: Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել 1 աշակերտ: Բացի դրանից, մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել 308 աշակերտ։ «Այբ» կրթական հիմնադրամը հատուկ խրախուսական մրցանակներ է շնորհել ևս 905 աշակերտի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ չեն եղել հաղթող կամ պատվոգրակիր երեխաներ:

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո: