Թուրքիայի խորհրդարանը կրկին չկարողացավ նախագահ ընտրել

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը կրկին չկարողացավ երկրի նախագահի պաշտոնում ընտրել Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ Աբդուլլահ Գյուլին: Խորհրդարանի նիստին չեն մասնակցել 367 պատգամավորներ, ինչն անհրաժեշտ է քվեարկության համար, եւ դրանից հետո Գյուլը` ներկայիս կառավարության արտգործնախարարը հայտարարեց, որ այլեւս չի մասնակցի նախագահական ընտրություններին: «Այս պահից իմ թեկնածության մասին արդեն խոսք չի գնում: Ես չեմ սպասի ընտրությունների հաջորդ փուլին»,-հայտարարել է նա:



Ըստ սահմանադրական դատարանի որոշման, որը չեղյալ էր հայտարարել խորհրդարանի որոշումը Գյուլին նախագահի պաշտոնում ընտրելու վերաբերյալ, պետության ղեկավարին կարող է նշանակել միայն օրենսդիր ժողովը, որի կազմում են ոչ պակաս քան 367 պատգամավորներ, այսինքն երկու երրորդը:



Նախորդ օրերի ընթացքում Թուրքիայում բազմահազար հանրահավաքներ են կայացել Գյուլին նախագահի պաշտոնում ընտրելու դեմ: Բողոքի ցույցերի մասնակիցները մտավախություն ունեն, որ իսլամական արմատներ ունեցող ԱԶԿ-ի թեկնածուն կխախտի թուրքական պետության աշխարհիկ հիմքերը եւ կպահպանի հավատարմությունն իր կրոնական համոզմունքներին:



Թուրքիայի ներկայիս նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը երկրի առաջին նախագահն է, որը չի եղել ակտիվ քաղաքական գործիչ, ոչ էլ` բարձրաստիճան զինվորական: Նախկինում սահմանադրական դատարանի գլխավոր դատավոր, նա համարվում է աշխարհիկ իշխանության կողմնակից եւ խոսքի ազատության ջատագով: Սեզերի իրավասությունների ժամկետը լրանում է մայիսի 16-ին: Թուրքիայի նախագահը նշանակում է վարչապետին եւ իրավունք ունի արձակել խորհրդարանը: Անցած շաբաթ Սեզերը հայտարարեց, որ կկատարի նախագահի պարտականությունները մինչ նոր խորհրդարանի ընտրությունը: Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան հուլիսի 22-ին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Նշենք, որ մինչ մայիսի 20-ը քաղաքական կուսակցությունները պետք է համապատասխան դիմում ուղղեն ԿԸՀ-ին: ԿԸՀ-ն քվեաթերթիկները կհաստատի մայիսի 27-ին, իսկ հաջորդ օրը կհաստատվի ընտրատեղամասերի ցուցակը: Քաղաքական կուսակցությունների կողմից թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է հունիսի 20-ին, իսկ նախընտրական քարոզչությանը` հուլիսի 21-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---