Ռուսական կինոյի շաբաթ Հայաստանում. Մուտքն ազատ է

Ռուսական կինոյի շաբաթ Հայաստանում. Մուտքն ազատ է

PanARMENIAN.Net - Երևանում, Գյումրիում և Աբովյանում սեպտեմբերի 14-18-ը Ռուսական մշակույթի օրերի շրջանակում կանցկացվի «Ռուսական կինոյի շաբաթ»:

Հայ հանդիսատեսին կներկայացվեն տարբեր ժանրերի ֆիլմեր` «Սևաստոպոլի ճակատամարտը» և «Գումարտակ» ռազմական դրամաները, «Սիրո մասին» ֆիլմը, «Համադասարանցիները», «Նախաճաշ հայրիկի մոտ» կատակերգությունները, «Մաքուր արվեստ» դետեկտիվը, «Ուրվականը» ընտանեկանա ֆիլմը, «Դուխլես» «Դուխլես-2» ֆիլմերը, «Անձնակազմը»: Նաև տեղի կունենա «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը:

Նախագծի հյուր ՌԴ մշակույթի նախարարության կինեմատոգրաֆի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Գալինա Ստրոչկովան համարում է, որ հայերին ու ռուսներին շատ բան է կապում կինոյում: «Ավագ սերունդը մեծացել է այն ֆիլմերի վրա, որտեղ նկարահանվել են նաև հիանալի հայ դերասաններ, այդ ֆիլմերը դասվել են դասականների շարքին,-ասել է նա:

Նա հավելել է նաև, որ հայ հանդիսատեսը կտեսնի նաև ժամանակակից ռուսական կինոյի ամենաշահութաբեր ֆիլմը` «Անձնակազմը»:

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը նշել է, որ սա շատ կարևոր միջոցառում է, քանի որ իրականացվում է «Հայաստանում ռուսական մշակույթի օրերի» շրջանակում: «Իսկ դա, հայ-ռուսական համագործակցության մաս է: Վերջին տարիներին ռուսական կինոինդուստրիան արագ տեմպերով է զարգանում:

«Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը հայտնել է, որ Ռուսական կինոյի օրերի շրջանակում կներկայացվի նաև Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը։

«Քանի որ դա «Ռուսական կինոյի շաբաթ» է, ապա կցուցադրվի ֆիլմի ռուսական տարբերակը։ Սակայն ֆիլմը թարգմանվել է հայերեն, մի տարբերակ էլ կա` Գյումրու բարբառով։ Ֆիլմը վարձույթի կհանվի հաջորդ ամիս։ Կարծում եմ` հայ հանդիսատեսի համար ավելի հետաքրքիր կլինի ավելի կոլորիտային տարբերակը»,- նշել է Ղազարյանը։

Հայկական ազգային կինոակադեմիայի անդամները փակ քվեարկության արդյունքում որոշել են Հայաստանի կողմից «Օսկարի» կինոմրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացնել Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---